Թրամփի ուղևորությունները, նոր ֆայլեր ու կեղծ պնդումներ․ ԱՄՆ-ում Էփշտեյնի գործով նոր փաստաթղթեր են հրապարակվել
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է սեռական շահագործման ու մանկապղծության համար մեղադրված ու դատապարտված ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով փաստաթղթերի ամենամեծ փաթեթը․ գրում է BBC-ն։
Նշվում է, որ փաստաթղթերից շատերը պարունակում են գաղտնի տեղեկություններ, այդ թվում՝ այն մարդկանց անունները, որոնք ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) կարծիքով՝ հնարավոր է՝ օգնել են Էփշտեյնին հանցագործություններ կատարել։

Դոնալդ Թրամփի անունը նոր փաստաթղթերում ավելի շատ է հիշատակվում, քան նախորդ հրապարակումներում։
Հատկանշական է, որ 2020 թվականի հունվարին Նյու Յորքի դաշնային դատախազն էլեկտրոնային նամակում գրել է, որ վերջերս ստացված թռիչքների գրառումները «ցույց են տալիս, որ Դոնալդ Թրամփն Էփշտեյնի մասնավոր ինքնաթիռով ավելի շատ է ճանապարհորդել, քան նախկինում հաղորդվել է (կամ մենք տեղյակ ենք եղել)»։ Նամակի հասցեատիրոջ անունը չի նշվում։

Նշվում է, որ Թրամփը 1993-1996 թվականներին առնվազն 8 անգամ եղել է Էփշտեյնի ինքնաթիռի ուղևոր։
Թրամփը բազմիցս հերքել է Էփշտեյնի գործին իր առնչությունը։
Փաստաթղթերի հրապարակմանը կից հայտարարության մեջ Արդարադատության նախարարությունը, սակայն, նշել է, որ նոր ֆայլերը «պարունակում են նախագահ Թրամփի դեմ արված կեղծ և սենսացիոն պնդումներ, որոնք ներկայացվել են ՀԴԲ-ին 2020 թվականի ընտրություններից անմիջապես առաջ»։
