Կրեմլում ըմբռնումով են մոտենում Ալիևի՝ Սանկտ Պետերբուրգ չմեկնելու որոշմանը. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, Կրեմլում ըմբռնումով են մոտենում այն հանգամանքին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում անցկացվող ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
«Մենք ըմբռնումով ենք մոտենում, քանի որ հատկապես դեկտեմբերին՝ Նոր տարվա նախաշեմին, իսկապես, բոլոր պետությունների ղեկավարներն ունեն շատ հագեցած գրաֆիկ։ Մենք շարունակում ենք զարգացնել մեր գործընկերային հարաբերությունները, կառուցողական համագործակցության հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը նույնպես շարունակում է մասնակցել համագործակցության բոլոր ձևաչափերին»,- ըստ «Ինտերֆաքսի»՝ ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Ինչպես ամեն տարի, այսօր Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Սա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կազմակերպած ավանդական հավաքն է, որը հնարավորություն է տալիս շփվել գործընկերների հետ և ամփոփել տարին:
Սակայն, ինչպես այսօր առավոտյան հայտնի դարձավ, Իլհամ Ալիևը չի մասնակցելու Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով:
Ադրբեջանի նախագահի վարչակազմը պարզաբանել էր նաև դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին չմասնակցելու պատճառները, թեև նման մասնակցություն չէր նախատեսվում:
«Նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել դեկտեմբերի 21-ին կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, քանի որ Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միության անդամ չէ»,- ասվում էր հաղորդագրության մեջ:
