The Wall Street Journal-ը հայտնել է խաղաղ կարգավորման շուրջ Ռուսաստանի և Ուկրաինայի հինգ հիմնական տարաձայնությունները
The Wall Street Journal-ը ներկայացրել է խաղաղ կարգավորման այն հինգ առանցքային հարցերը, որոնց շուրջ շարունակում են տարաձայնություններ ունենալ Ռուսաստանն ու Ուկրաինան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարբերականը նշում է, որ հիմնական տարաձայնություններից մեկը վերաբերում է տարածքային հարցին։ Ռուսաստանը պահանջում է, որ Ուկրաինայի զինված ուժերը դուրս բերվեն Դոնբասի տարածքներից։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Կիևի վրա՝ կոչ անելով դիտարկել ռուսական կողմի պահանջները, սակայն Ուկրաինան հրաժարվում է ընդունել այդ պայմանը։
Տարաձայնությունների ևս մեկ առանցքային կետ է Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին, որի շուրջ կողմերը չեն կարողանում փոխհամաձայնության գալ։
WSJ-ի համաձայն՝ Մոսկվան և Կիևը տարբեր մոտեցումներ ունեն նաև Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի հարցում։ Բացի այդ, քննարկումների առարկա են դարձել Ուկրաինայում ռուսաց լեզվի կարգավիճակը և այն, թե ով պետք է վերահսկի Զապորոժիեի ատոմակայանը։
