Նուբարաշենից Արթիկի գաղութ տեղափոխված կալանավորն ի նշան բողոքի՝ ինքնավնասում է կատարել․ Aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով՝ վերջերս Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից Արթիկ քրեակատարողական հիմնարկ տեղափոխված կալանավորներից մեկը՝ 25-ամյա Հ․Ս․ն, որը խցում պահվում է միայնակ, ինքնավնասում է կատարել։ Սրանով նա իր դժգոհությունն է հայտնել կալանավայրի փոփոխության դեմ։
Նա նոյեմբերի 13-ին Արթիկ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ուղեկցությամբ «ձախ նախաբազկի կտրած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն, որտեղից և ահազանգել են ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Ավազակություն կատարելու մեջ (ՀՀ Քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասով) մեղադրվող երիտասարդ կալանավորը հրաժարվել է ոստիկանությանը վնասվածք ստանալու հանգամանքների մասին բացատրություն տալ։
Սակայն Արթիկի ավագ համայնքային ոստիկան Ալեքսանյանը պարզել է, որ նա կոտրել է խցի լվացարանակոնքը, բեկորներով ինքնավնասում է կատարել, իսկ պատճառը եղել է նրան Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից Արթիկ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը։
