Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը
Ստոկհոլմում տեղի է ունեցել 2025 թվականի Նոբելյան մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը ֆիզիկայի, բժշկության, քիմիայի, տնտեսագիտության և գրականության ոլորտներում։
Մրցանակները հանձնել է Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավ Վեցերորդը։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։ Տեղեկատվության համաձայն՝ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն, ով արժանացել է Խաղաղության մրցանակին, չի կարողացել անձամբ մասնակցել արարողությանը։ Նրա դուստրը՝ Անա Կորինա Սոսա Մաչադոն, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում նրա անունից ընդունել է մրցանակը։
Սակայն ավելի ուշ Մարիա Կորինա Մաչադոն դուրս է եկել Օսլոյի հյուրանոցի պատշգամբից և ողջունել ամբոխին՝ հունվարից ի վեր առաջին անգամ ունենալով հրապարակային ելույթ։ Նա մեկ տարուց ավելի թաքնվել էր Վենեսուելայում՝ կառավարության հետապնդումներից խուսափելու համար, բայց գաղտնի լքել էր Վենեսուելան՝ խախտելով տասնամյա ճանապարհորդության արգելքը։
Նոբելյան խաղաղության մրցանակը նրան շնորհվել է «Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքների պաշտպանության գործում իր անխոնջ աշխատանքի և բռնապետությունից ժողովրդավարության արդար և խաղաղ անցման հասնելու պայքարի համար»։
«Մաչադոյի վարքագիծը զարմացրել է նույնիսկ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահ Յորգեն Վատնե Ֆրիդնեսին, ով հայտարարել էր, որ հանրային հանդիպում չի լինի, քանի որ Մաչադոն նախ ցանկանում էր հանդիպել իր ընտանիքի հետ, որին չէր տեսել երկու տարի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գարդերմոենի օդանավակայանում Մարիա Կորինա Մաչադոյին դիմավորել են երեք երեխաները, քույրը և մայրը, ինչպես նաև դուստրը՝ Անա Կորինա Սոսան, ով նրա անունից ընդունել է Նոբելյան խաղաղության մրցանակը։Ֆիզիկայի ասպարեզում 2025 թվականի Նոբելյան մրցանակակիրներ են դարձել բրիտանացի Ջոն Քլարքը, ֆրանսիացի Միշել Դևորեն և ամերիկացի Ջոն Մարտինիսը։
Տնտեսագիտության բնագավառում 2025 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Նիդերլանդներից Ջոել Մոկիրին, ֆրանսիացի Ֆիլիպ Ագիոնին և կանադացի Պիտեր Հովիթին:
Ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի 2025 թվականի դափնեկիրներն են ամերիկացիներ Մերի Բրունկոուն, Ֆրեդ Ռամսդելը և ճապոնացի Շիմոն Սակագուչին։
Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2025 թվականի դափնեկիրներն են ճապոնացի Սուսումու Կիտագավան, բրիտանացի Ռիչարդ Ռոբսոնը և հորդանանցի Օմար Յաղին։
Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի 2025 թվականի դափնեկիրն է հունգարացի Լասլո Կրասնոհորկային։
