Սամվել Կարապետյանի դեպքում գործում է քաղաքական հետապնդումը և վրեժխնդրությունը․ հայտարարություն

2025 թ-ի նոյեմբերի 18-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր քննչական խմբի անհիմն միջնորդությունը՝ երկու ամսով երկարաձգելով ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքը, իսկ որոշման հրապարակմանը նախորդել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի համանման բովանդակությամբ հրապարակումը․ հայտնում է Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը։

«Նշվածը իրավական աբսուրդի հերթական բաղադրիչն էր, քաղաքական հետապնդման հերթական փաստն էր:

Վերաքննիչ դատարանը` նախագահությամբ դատավոր Ժ. Մելիքսեթյանի, որոշեց մերժել փաստաբանական խմբի և դատախազության վերաքննիչ բողոքները:

Այս ամենն իրավական ցանկացած տիրույթից դուրս է և հաստատապես վերացնում է քրեական դատավարությունը Հայաստանի դատարաններից:

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման հիմք Առաջին ատյանի դատարանը վկայակոչել էր միայն խոչընդոտելու, իբրև ռիսկը, իսկ Վերաքննիչ դատարանը փաստացի համաձայնել է դրա հետ՝ ուղիղ անտեսելով երեք անհերքելի փաստական տվյալ. 1) մեղադրանքի նվազագույն հիմնավորվածության բացակայությունը, 2) շուրջ 6 ամիս ապօրինի կալանքը 3) այլընտրանքային խափանման միջոցների հնարավորությունը: Չնայած մեղադրանքների աբսուրդայնությանը, մեր կողմից հարկադրված ներկայացված նման միջնորդությունը մերժելու իրավական որևէ հնարավորություն առկա չէր:

Այս ամենն ապացուցում է, որ Սամվել Կարապետյանի դեպքում որևէ ձևով՝ դատարաններում իրավունքը չի գործում, իրավական փաստարկները չեն գնահատվում, արդարադատություն չի իրականացվում: Սամվել Կարապետյանի դեպքում բացառապես գործում է՝ քաղաքական հետապնդումը, վրեժխնդրությունը, իրավունքի և օրենքի «վճռական» ոչնչացումը:

Հետագա զարգացումների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է փաստաբանների տարածած հայտարարությունում:

Տեսանյութեր

Լրահոս