Բաքուն բարձրացնում է իր գինը ԵՄ համար, Երևանը չունի հակադրելու ոչինչ, հավաստիացնում է, թե ԵՄ աջակցությունը կարևոր է նախընտրական շրջանում. Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հայաստանի ԱԳՆ արձագանքել է Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության նոր օրակարգ անունը կրող փաստաթղթի առնչությամբ Բաքվի դժգոհությանը:
Հիշեցնեմ, որ Բաքուն այդ փաստաթղթի մի շարք դրույթներ համարում է խաղաղությանը դեմ:
Ես այս հարցին անդրադարձա Օրվա թեմայի նախօրեի թողարկմանը, որը իմ ալիքում է՝ նախորդ գրառմամբ, կամ այս գրառման սկզբնամասի հղումով:
Հայաստանի ԱԳՆ արձագանքը այլ բան չէ, քան պարզապես արդարացում: Երևանն արդարանում է, թե ԵՄ-ն աջակցում է ինքնիշխանությանը, իսկ դա խաղաղության շահից է բխում:
Եթե թարգմանենք, ապա ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Եվրամիությունը քաղաքական աջակցություն է ցուցաբերում պաշտոնական Երևանին՝ առաջիկա ընտրական պրոցեսին ընդառաջ, իսկ դա էլ նշանակում է, որ «խաղաղության» ներկայիս գիծը կշարունակվի, հետևաբար կշարունակվի այն քաղաքականությունը, որ կիրառվում է Ադրբեջանի պահանջների հանդեպ, այսինքն՝ լոյալությունը:
Ինչպես նախօրեին ներկայացրել էի, Ադրբեջանը ձգտում է որսալ իր պահը, օգտվելով թե Երևանի, թե ներկայումս նաև եվրոպական գոտում առկա բարդ իրողությունների բերումով դժվարին մարտահրավերների առաջ գտնվող Եվրամիության կարիքներից: ԵՄ-ն փորձում է Հայաստանի հետ ռազմավարական նոր օրակարգ համարվող փաստաթղթի միջոցով ավելացնել իր ազդեցությունը ռեգիոնում, իսկ Ադրբեջանն էլ այդ հանգամանքից ելնելով փորձում է այդ նպատակի համար գանձել իր «մաքսատուրքը»՝ Երևանի հանդեպ պահանջների հարցում ԵՄ լոյալության տեսքով:
Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, թե օրինակ ի՞նչ էր հայտարարում Բաքուն դեռևս ապրիլին, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լյաենը ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի ընթացքում հայտարարել էր, թե հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական սահմանները կարևոր են Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա տրանսկասպիական տրանսպորտային միջանցքի իրականացման համար: Ալիևը կարճ ժամանակ անց հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական սահմանները Եվրոպայի գործը չեն:
Այդպես, Բաքուն հանդուգն կերպով բարձրացնում է ռեգիոնում իր գինը ԵՄ համար:
Երևանն այստեղ չունի հակադրելու գործնականում ոչինչ, արդարացումից բացի, հավաստիացնելով Բաքվին, թե ԵՄ աջակցությունը կարևոր է նախընտրական այս շրջանում: Հիշեցնեմ, որ «ինքնիշխանությունը» պաշտոնական Երևանի համար քարոզչական տրենդ է, այլ ոչ թե գործնական քաղաքականության իրական բնութագիր: Դրա պարզ վկայությունները այն անձնատուր քաղաքականությունն է, որ վարվում է նույն Ադրբեջանի նկատմամբ»:
