Ընդհանուր դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք. նախարարն անդրադարձել է համաճարակաբանական իրավիճակին
Սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է հիվանդացության, առողջության առաջնային պահպանման հաստատություններ ու շտապօգնություն դիմելիության աճի, ինչպես նաև մանկապարտեզներում ու դպրոցներում բացակայությունների թվի ամենօրյա մոնիթորինգ։ Այս մասին նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում անդրադառնալով սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակին ու ուսումնական գործընթացի կազմակերպմանը։
«Ընդհանուր դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք, սակայն մենք ունենք աշխատանքի շատ հստակ մեթոդ ու գծագրված մեխանիզմ․ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, կարող են անցնել հեռավար ուսուցման։ Մենք կրթության գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք, և այս հետմոնիթորինգի արդյունքներով դասարաններն ինքնուրույն կարող են անցնել հեռավար դասապրոցեսի, որ մի կողմից պաշտպանենք մեր երեխաների առողջությունը, մյուս կողմից հնարավորություն տանք, որպեսզի վարակի ցուցանիշները նվազեն այդ դպրոցներում, բայց մյուս կողմից էլ՝ ընդհանուր հանրապետությունում չխաթարենք դասապրոցեսը»,-ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ համաճարակաբանական իրավիճակին համապատասխան գործիքները կիրառվում են ըստ ցուցման։
Ավանեսյանը հավաստիացրել է, որ ընդհանուր դասապրոցեսի վերաբերյալ որոշում պահանջող համաճարակաբանական իրավիճակի առկայության դեպքում այն կկայացվի։
Նախարարը համապատասխան ախտանշաններ չունեցող քաղաքացիներին կրկին կոչ է արել օր առաջ պատվաստվել սուր շնչառական վարակների դեմ։
