
Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն է կազմակերպվել. ահազանգն ընթացք կստանա. ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից՝ կապված Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն կազմակերպելու հետ, հայտնել է Շրջակա միջավայրի նախարարությունը
«Շաքիի ջրվեժը հանդիսանում է բնության ջրաերկրաբանական հուշարձան և գտնվում է պետական պահպանության ներքո։
Տվյալ գործունեության արդյունքում խախտվել են ՀՀ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը․ ըստ որոնց՝
Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը,
Բնության հուշարձանի պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանի համար կազմված անձնագրով։
Բացի այդ, խախտվել է նաև ՀՀ Բնապահպանության նախարարության 2018 թվականի մարտի 21-ի N 68-Ն հրամանը, որը արգելում է բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն։
Ահազանգը փոխանցվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ համապատասխան ընթացք տալու համար։
Հարգելի քաղաքացինե՛ր, հորդորում ենք պահպանել շրջակա միջավայրի պահպանության սահմանված օրենսդրական պահանջները և զերծ մնալ ցանկացած այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել մեր երկրի բնական ժառանգությանը»,- նշվածէ հաղորդագրության մեջ: