Բաժիններ՝

Եմենում զոհերի թիվը հասել է 58-ի, վիրավորներինը՝ 126-ի

Եմենում զոհերի թիվը հասել է 58-ի, վիրավորներինը՝ 126-իԵմենի ալ-Հոդեյդայի առողջապահության գրասենյակը հայտնել է, որ Ռաս Իսա նավթային նավահանգստի ուղղությամբ ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 58-ի, իսկ վիրավորներինը՝ 126-ի։

Այս մասին հայտնել է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Ապրիլի 17-ի ուշ երեկոյան ԱՄՆ-ի օդանավերը շուրջ 14 հարձակում են իրականացրել ալ-Հոդեյդայի նահանգում գտնվող Ռաս Իսա նավահանգստի ուղղությամբ՝ խլելով տասնյակ աշխատակիցների կյանք։

Իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) դատապարտել է «ԱՄՆ օդային ագրեսիան»՝ ուղղված Ռաս Իսա նավթային նավահանգստին՝ այն բնութագրելով որպես Եմենի ինքնիշխանության կոպտագույն խախտում և պատերազմական հանցագործություն։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կողմից հաստատված հարվածներն ամենածանրն էին և ամենամեծ թվով զոհերի պատճառ են դարձել մարտի 15-ին ամերիկյան վարչակազմի մեկնարկած հարձակումների ընթացքում։

Ավելի վաղ հաղորդվել էր Եմենում ապրիլի 17-ին ամերիկյան հարվածներից շուրջ 40 զոհի մասին։ ԱՄՆ-ն մարտի 15-ից ի վեր շարունակում է հարձակումներ իրականացնել Եմենի վրա՝ նպատակ ունենալով վերացնել հութիների կողմից Կարմիր ծովում Իսրայելի կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա դրված շրջափակումը։ 

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված ռազմական գործողություններից հետո հութիները սկսել են տասնյակ հարձակումներ իրականացնել Կարմիր ծովում և Արաբական ծովում իսրայելական կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա՝ Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից կիրառելով հրթիռներ և անօդաչու սարքեր՝ հայտարարելով, որ այդ կերպ իրենց աջակցությունն են հայտնում Պաղեստինին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս