Չինաստանը հրաժարվել է մասնակցել Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված խորհրդաժողովին
Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված խորհրդաժողովի օրակարգը հակասում է Չինաստանի պահանջներին և խաղաղության ակնկալիքներին, ուստի Պեկինի համար դժվար է մասնակցել նման հանդիպմանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Մաո Նինը։
«Խաղաղության խորհրդաժողով անցկացնելու վերաբերյալ Չինաստանի պահանջները, որոնք արդարացի են ու անաչառ, ինչպես նաև ուղղված չեն որևէ կողմի դեմ, արտացոլված են ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման կոնսենսուսում, որը վերջերս հրապարակվել է Բրազիլիայի հետ համատեղ, ինչպես նաև արտացոլում են միջազգային հանրության, հատկապես. զարգացող երկրների ընդհանուր մտահոգությունները», – Մաո Նինի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Չինաստանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ դատելով բոլոր կողմերի արձագանքներից և խորհրդաժողովի հայտարարված օրակարգից՝ թվում է, թե դժվար է իրագործել Չինաստանի կողմից առաջարկված պայմանները։
«Առկա է հստակ հակասություն խորհրդաժողովի օրակարգի, Չինաստանի պահանջների և միջազգային հանրության ընդհանուր ակնկալիքների միջև, ինչը դժվարացնում է Չինաստանի մասնակցությունն այս հանդիպմանը», – հավելել է Մաո Նինը՝ նշելով, որ Չինաստանը համապատասխան կողմերին տեղեկացրել է իր նկատառումների և մտահոգությունների մասին։
Չինաստանը և Բրազիլիան վերջերս հանդես են եկել բանակցությունների օգտին՝ որպես Ուկրաինայում իրավիճակի կարգավորման միակ ճանապարհ և ուկրաինական ճգնաժամի կարգավորման մասին համատեղ հուշագիր են հրապարակել։