Բաժիններ՝

Հոդեյդայում ռադիոկայանի շենքին հասցված հարվածի հետևանքով կա 14 զոհ․ ԶԼՄ-ներ

Եմենի Հոդեյդա քաղաքում հութիների «Անսար Ալլահ» խռովարար շարժման կողմից վերահսկվող ռադիոկայանի շենքին հասցված ավիահարվածի հետևանքով, ըստ տեղի լրատվամիջոցների, զոհվել է 14 մարդ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է  ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ ըստ հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի՝ մայիսի լույս 31-ի գիշերն ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարձակվել են Եմենի տարածքում հութիների օբյեկտների վրա։ Al Masirah-ի տվյալներով՝ հարվածներից մեկը հասցվել է Ալ Խոկայի շրջանում տեղակայված ռադիոկայանին։ Սկզբում հաղորդվել էր 2 զոհի և 10 վիրավորի մասին։

Իր հերթին, Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել է, որ զոհերն ու վիրավորները «անվտանգության աշխատակիցներ են, որոնք հսկել են շենքը, և մի քանի քաղաքացիական անձինք», այդ թվում՝ լրագրողներ, որոնք աշխատում էին ռադիոկայանում:

Ըստ Al Mayadeen-ի տվյալների՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օդուժը մայիսի լույս 31-ի գիշերը 13 հարված է հասցրել հութիների օբյեկտներին: Հոդեյդայի հետ մեկտեղ հարվածներ են հասցվել Եմենի մայրաքաղաք Սանաային, ինչպես նաև Թայիզի նահանգի տարածքին։

Ավելի ուշ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ կոալիցիոն ուժերը խոցել են 13 թիրախներ Եմենի հութիների կողմից վերահսկվող տարբեր շրջաններում: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ համատեղ գործողության ընթացքում հարվածներ են հասցվել Հոդեյդայում երեք օբյեկտի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և «երկիր-օդ» դասի հրթիռների տեղակայման վայրերի:

Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ Իսրայելի հետ կապված նավերին թույլ չի տա անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչև պաղեստինյան անկլավում չդադարեն ռազմական գործողությունները: Անցյալ տարվա նոյեմբերից հութիները Կարմիր ծովում և Ադենի ծոցում հարձակվել են տասնյակ քաղաքացիական նավերի վրա։

Ի պատասխան «Անսար Ալլահի» գործողությունների՝ ամերիկյան իշխանությունները ստեղծել են միջազգային կոալիցիա և Կարմիր ծովում նավարկության ազատության ապահովման և նավերի պաշտպանության գործողություն են սկսել։ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը բազմիցս հարվածներ են հասցրել հութիների ռազմական օբյեկտներին Եմենի տարբեր նահանգներում, սակայն նավերի վրա նրանց հարձակումները չեն դադարել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս