Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներն այցելել են աղետի գոտի

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներն այցելեցին Ալավերդի քաղաք, որն ամենաշատ վնասներն է կրել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով։

Դիվանագետներին ուղեկցում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Նրանց Ալավերդիում դիմավորեցին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

Գնել Սանոսյանը դիվանագետներին հանգամանորեն ներկայացրեց աղետի գոտում առկա իրավիճակը։ Նախարարը ներկայացրեց, թե ինչ մեծ վնաս է հասցրել տարերային աղետը Լոռու և Տավուշի մարզերին։

ՀՀ ՏԿԵ նախարարը հանգամանորեն ներկայացրեց նաև այն աշխատանքների ընթացքը, որոնք ուղղված են աղետի հետևանքների վերացմանը։

Դիվանագետների պատվիրակության կազմում էին Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը, Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը, Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն, դիվանագիտական այլ ներկայացուցչությունների անդամներ։

Տեսանյութեր

Լրահոս