Տղամարդը փորձել է թռիչքի ժամանակ բացել Երևան-Մոսկվա ինքնաթիռի դուռը
Օտարերկրյա քաղաքացին Երևան-Մոսկվա չվերթի ժամանակ խախտել է կարգը և փորձել բացել ինքնաթիռի դուռը. այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
«Տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ թռիչքի ժամանակ հարևան երկրներից մեկի քաղաքացին ագրեսիա է դրսևորել բորտուղեկցորդուհիների նկատմամբ և փորձել բացել սրահի դուռը։ Ավիաընկերության աշխատակիցներն ուղևորների հետ հրել են նրան դռնից և ձեռքերը կապել։ Օդանավի հրամանատարը արձանագրություն է կազմել օդանավում հասարակական կարգի և վարքագծի կանոնների խախտման մասին։
Տղամարդը տեղափոխվել է ՌԴ ՆԳՆ «Դոմոդեդովո» օդանավակայանի հերթապահ կետ։ Ոստիկաններն առաջարկել են բուժզննում անցնել՝ պարզելու, թե արդյոք նա թմրանյութերի ազդեցության տակ է, ինչից տղամարդը հրաժարվել է», – գրել է Վոլկը:
Նրա խոսքով՝ կարգազանցը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Նա դատապարտվել է յոթ օր վարչական կալանքի՝ Ռուսաստանի Դաշնությունից վարչական արտաքսմամբ։