Քանին վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժածներին
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ մայիսի 29-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ Թեհրանը հավատարիմ է Կովկասում անվտանգության և կայունության պահպանմանը։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Կողմերը քննարկել են հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացումը։ Ալի Բաղերի Քանին շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին Իրանին նախագահի, արտգործնախարարի ու մյուս պաշտոնյաների մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ հղելու առնչությամբ, ինչպես նաև ողջունել ՀՀ վարչապետի այցը Թեհրան։
Քանին շեշտել է իրենք հանձնառությունը՝ արդյունավետ դերակատարում ունենալ կովկասյան տարածաշրջանում տևական անվտանգություն ու կայունություն հաստատելու գործում։
Mehr-ը հայտնել է նաև, որ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը վերահաստատել է Թեհրանի պատրաստակամությունը՝ կյանքի կոչել Երևանի հետ արդեն իսկ ստորագրված համաձայնագրերը, ինչպես նաև օգնել Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժածներին։
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրել էին, որ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է վարել ԻԻՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանիի հետ։