Իրենց խաղաղ բողոքն արտահայտող քաղաքացիների նկատմամբ ոստիկանները կիրառում են ակնհայտ անհամաչափ ուժ՝ բռնությունների դատապարտելի դրսևորումներով․ Մայր Աթոռ

Մայիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։

Ժողովը հանդես եկավ հայտարարությամբ։

Երկրում ստեղծված ճգնաժամի խորացման պատճառով այս օրերին իրենց խաղաղ բողոքն արտահայտող քաղաքացիների նկատմամբ ոստիկանները կիրառում են ակնհայտ անհամաչափ ուժ՝ բռնությունների դատապարտելի դրսևորումներով։

Հասարակական կարգի պահպանությանը կոչված ծառայողների նմանօրինակ գործողությունները խորացնում են ներհասարակական լարվածությունը և կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։

Մեր կոչն է ոստիկաններին՝ իրենց պարտականությունների կատարման ընթացքում հարգել հայրենակիցների հիմնարար իրավունքները, ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը և գործել միմիայն մարդասիրության և օրինականության սկզբունքների խստագույն պահպանությամբ։

Մեր հորդորն է նաև հանրային գործողությունների մասնակիցներին իրենց բողոքն արտահայտել բացառապես օրենքի շրջանակներում, առաջնորդվել զգոնությամբ և չտրվել հնարավոր սադրանքների։

Միաժամանակ պատգամում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներին և մեր բոլոր հայրենակիցներին՝ այս բարդ իրադրության մեջ դրսևորել պատասխանատվություն և ամենայն ջանք գործադրել՝ ի խնդիր հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերների հաղթահարման, հայոց պետականության անխաթար պահպանության և ամրապնդման։

Թող Ամենազոր Աստված օրհնի և խաղաղություն պարգևի մեր հայրենիքին, համերաշխություն և հուսառատ կյանք՝ մեր ժողովրդին։

Տեսանյութեր

Լրահոս