Անցումային հաշտության կառավարությունը պետք է լինի համախմբման կառավարություն, այլ ոչ թե մեկ ուժի կամ մեկ գործչի. Իշխան Սաղաթելյան
Այսօր վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են տեղի ունեցել, որի ընթացքում ոստիկանությունը բռնի ուժ է կիրառել խաղաղ ակցիաների մասնակիցների, նաև պատգամավորների նկատմամբ:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն էր տարածել, որտեղ հայտնում էր, որ ոստիկանության 6 տասնյակից ավելի ծառայողներ փորձել են ներխուժել ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոն, սադրելով և հարձակվելով գրասենյակ անօրինական մուտքն արգելող կուսակցության ղեկավար անդամների նկատմամբ:
«Գործադրելով բիրտ ուժ, ցուցաբերելով փողոցային խուլիգանին և կենդանական աշխարհում տարածված ոհմակին բնորոշ վարքագիծ, ոստիկանության տասնյակ ծառայողներ բացահայտ ֆիզիկական բռնության գործադրմամբ բերման ենթարկեցին քաղաքացիների, այդ թվում՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ, ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը այս անօրինակ ապօրինությունները գնահատում է որպես կազմակերպված հանցավոր խմբի կողմից Հայաստանի սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հերթական գործողություն: Հանցավոր այս խմբի պարագլուխ և առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ մնալով հայրենադավ իր ծրագիրն իրականացնելու, խառնակչության, քաղաքացիների և քաղաքական կուսակցությունների նկատմամբ բացահայտ հակաօրինական գործողություններ կազմակերպելու իր հանցավոր մտադրությունները կյանքի կոչելու նպատակադրումներին, պետական հաստատություններն ու մարմինները վերածել է հանցագործության կոնկրետ գործիքների: Առ այդ, ընդգծելով ոստիկանական ծառայողների կողմից համակարգված և պարբերական դարձած անօրինական բերման ենթարկելու դեպքերը, այդ թվում՝ անձեռնմխելիությամբ օժտված Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ, տեղեկացնելով ժողովրդավարության և մարդու իրավունքներով զբաղվող տեղական և միջազգային կազմակերպություններին ու օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին՝ պահանջում ենք կոնկրետ գնահատական տալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալած և պետությունը զավթած հանցավոր այս խմբավորմանը»,- նշվում էր ՀՅԴ ԳՄ հայտարարության մեջ:
Ւ դեպ, փաստաբան Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին ոստիկանների կողմից բերման ենթարկելու դեպքով։
Իսկ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հրատապ ասուլիս էր հրավիրել, որտեղից առանձնացրել ենք կարևոր մտքերը:
Ոստիկանության գործողությունների մասին
– Այն ինչ այսօր և սրա նախորդող օրերին իրականացրել է Ոստիկանությունը, հստակ կարող ենք ասել՝ սա այլևս Ոստիկանություն չի, սա կազմակերպված հանցավոր մի խումբ է, որը ղեկավարվում է հանցագործ մարդկանց կողմից: Եվ այն, ինչ իրականացվում է այսօր, օրինականության, սահմանադրության, օրենքների հետ որևէ առնչություն չունի:
– Լկտի պահվածքը հասել է այն աստիճանի, որ այսօր առավոտյան Ոստիկանության կազմակերպված մի հանցագործ խումբ փորձ էր անում մուտք գործել «Սիմոն Վրացյան» կենտրոն, բերման ենթարկել մարդկանց: Մենք թույլ չտվեցինք մուտք գործել կուսակցության կենտրոնական գրասենյակ, բայց իրենք բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին, մի շարք այլ քաղաքացիների: Սա հանցագործություն է, որն անպատասխան և անպատիժ չի մնալու:
– Ոստիկանությունը պետք է հասկանա, որ կատարում են ոչ թե ցեղասպանության հանցակից Նիկոլ Փաշինյանի հրահանգները, այլ ուղիղ Իլհամ Ալիևի, որովհետև այս պարագայում Նիկոլ Փաշինյանն Ալիևի հրահանգներն է փոխանցում, որոնք սիրով նրանք կատարում են:
– Ոստիկանության գործողությունները պայմանավորված են Նիկոլ Փաշինյանի հիստերիկայով, փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի շարժումը չհաջողի, մարդիկ վախենան փողոց դուրս գալ:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և Բագրատ Սրբազանի՝ վարչապետի թեկնածու լինելու մասին
– Քաղաքական ուժերը, անշուշտ, մեծ դերակատարում ունենալու են, բայց հայտարարվել է՝ կա ընդհանուր համախոհություն Սրբազանի թեկնածությունը պաշտպանելու իմաստով:
– Բնականաբար, քաղաքական ուժերն այս ամեն ինչի համար պատասխանատվություն կրում են, կրելու են, և խնդիրները լուծվելու են նաև քաղաքական ուժերի միջոցով և ճանապարհով:
– Սա մեկ կուսակցության, մեկ ուժի պայքար չէ, և անցումային հաշտության կառավարությունը պետք է լինի համախմբման կառավարություն, այլ ոչ թե մեկ ուժի կամ մեկ գործչի:
Մանրամասները՝ տեսանյութում