Համաներում խոստացող Ադրբեջանը ձերբակալել է Դավիթ Բաբայանին

Ադրբեջանը, որի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի իշխանություններին համաներում էր խոստանում, դա, որպես մեծ «լավություն» ներկայացնելով միջազգային հանրությանը, ձերբակալել է Արցախի ԱԳ նախկին նախարար, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանին։

Քիչ առաջ այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը։ Հաղորդվում է նաև, որ նրա դեմ քրգործ է հարուցվել։ Նա կալանավորվել է 4 ամսով:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ սոցցանցերի իր էջերում Բաբայանը գրել էր. «Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ,

Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։

Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։

Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատվոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։

Աստված օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազորը կրճատի նրա տառապանքը և ամոքի նրա վերքերը»։

Երկու օր շարունակ որևէ տեղեկություն չկար Դավիթ Բաբայանից, այսօր միայն հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է։

Տեսանյութեր

Լրահոս