Եվս մեկ օր, և Արցախից դուրս կգա վերջին քաղաքացին. Գնել Սանոսյան. Sputnik Արմենիա
Եվս մեկ օր, ու Արցախից դեպի ՀՀ բռնի տեղահանվածների հոսքը կավարտվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Կարծում եմ` այս գիշեր, վաղվա ընթացքում Արցախից դուրս կգա վերջին քաղաքացին։ Մեզ կմնա ՀՀ մարզերում տեղաբաշխված մարդկանց կարիքները հոգալ, թեև այդ ուղղությամբ արդեն իսկ այս պահին աշխատանքներ տարվում են»,- ասել է ՔՊ-ական նախարարը։
Նրա խոսքով` այս պահին բավականին մեծ է հոսքը, սակայն կարողանում են որոշակի ժամանակի մեջ սպասարկել, և արդյունքում մարզերում հաշվառված ու տեղաբաշխված մարդկանց քանակն ավելի հստակ է դառնում։
«Գլխավոր դրական բանն այն է, որ փորձել ենք այնպես անել, որ ոչ մի քաղաքացի դրսում չմնա։ Այլ հարց է, որ որոշ հատվածներում կարող են 2–3 ժամ հերթի մեջ մնալ` մինչև կկարգավորվի իրավիճակը։ Ընդ որում, այդ դժվարության մեծ մասն էլ գալիս է ոչ այնքան մեզնից, որքան այն պատճառով, որ մեր քաղաքացիներն այնքան էլ չեն ուզում գնալ այնտեղ, որտեղ մենք ենք առաջարկում, այլ գերադասում են սպասել ու այլ տեղ գնալ»,- նշեց Սանոսյանը։
Նա նշել է թե մարզպետարաններին հրահանգել են առաջին անհրաժեշտության բոլոր ծախսերն արագ իրականացնել։ Նախարարը նշեց, որ թեև ՀՀ կառավարությունը միջոցներ ունի, կարող է բոլոր կարիքները հոգալ, սակայն կան բարերարներ, կազմակերպություններ, որոնք նույնպես ցանկանում են աջակցել։
Նա անդրադարձավ նաև այն հարցին, որ կան դժգոհություններ, որ բռնի տեղահանվածներին ուղղորդում են հիմնականում միայն մարզեր։ Գնել Սանոսյանն ասաց, որ Երևանի հյուրանոցներում գրեթե տեղ չկա, նույնը վերաբերում է նաև վարձով տներին, որոնք հիմնականում զբաղեցնում են վերջին ամիսներին ՌԴ–ից տեղափոխված անձինք։ Այդ պատճառով, հաշվի առնելով Երևանի ծանրաբեռնվածությունը, ՀՀ կառավարությունը որոշել է արցախցիներին տեղաբաշխել մարզերով։