Եթե անգամ Ադրբեջանը գոհ է այս արդյունքից, միևնույնն է՝ սրանով հակամարտությունը չի լուծվում․ Քավանո. news.am

Ոչ ոք չի կարող գոհ լինել այս արդյունքից, նույնիսկ՝ Բաքուն, իսկ եթե Ադրբեջանը նույնիսկ գոհ է կատարվածից, ապա ես անձամբ չեմ կարծում, թե այն լուծում է տալիս հակամարտութանը: NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Կենտուկիի համալսարանի Փաթերսոնի դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Քերի Քավանոն՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին և դրա ճնշման տակ իրականացվող էթնիկ զտմանը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանմանը։

Քավանոն համոզված է՝ եթե անգամ Լեռնային Ղարաբաղից ողջ բնակչությունը հեռանա Հայաստան, այդ դեպքում ևս խնդիրը չի լուծվելու։

«Հիմնարար հարցեր կան, որ լուծված չեն․ ինչպե՞ս մարդիկ կկարողանան միասին ու ներդաշնակ ապրել մի վայրում, որտեղ դարեր շարունակ ապրել է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Հիմա տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ փախչում, նրանք հարմարավետ չեն զգում, վստահ չեն, որ ապահով կլինեն։ Կկարողանա՞ն նրանք վերադառնալ հետո, երբ կռիվն ավարտված լինի։ Կա՞ վստահություն, որ կկարողանան ետ վերադառնալ: Սա փոփոխություն է, և ոչ թե խաղաղության պայմանագիր, սա ստատուս քվոյի փոփոխություն է, որին նախկինում մենք ականատեսն ենք եղել Կովկասում։ Այս հակամարտությունում ստատուս քվոյի փոփոխություն մենք տեսել ենք նախկինում, երբ Հայաստանը մեծ հաջողություններ ունեցավ մարտի դաշտում 1990-ականների կեսերին։ Այժմ Ադրբեջանը ևս մեծ հաջողություններ ունի մարտի դաշտում։ Դա չի նշանակում, որ այս մարտերից հետո լարվածությունը չի պահպանվի։ Այսօր, երբ մարդիկ փախչում են, կարծում եմ՝ շատ կարևոր է, որ նրանց ընտրության հնարավորություն տրվեց, որպեսզի իրենք որոշեն, թե ինչ անեն, որոշեն՝ արդյո՞ք իրենք անձամբ ապահով են զգում իրենց։ Գիտե՞ք, այնպես չէ, որ մարդկանց կարող ես ասել՝ ոչ, ոչ, մնացեք, դուք պետք է մնաք այնտեղ։ Ոչ, նրանք պետք է ունենան ընտրություն կատարելու հնարավորություն․․․ Նրանք իրենց ապահով չե՛ն զգում, ու քանի որ ես տարածաշրջանում ընկերներ ու ծանոթներ ունեմ, դա ինձ չի զարմացնում։ Նրանք նոր են վերապրել տասը ամիս տևած շրջափակումը, ռազմական կայծակնային հարձակման ենթարկվել։ Եվ հիմա՝ Լեռնային Ղարաբաղի տեղական իշխանությունների վերացումից հետո, չկա մեկը, ում տեղում մնացած բնակչությունը կարող է դիմել, բացի Ադրբեջանի ոստիկանությունից»,- նկատեց պաշտոնաթող դիվանագետը:

Քավանոն շեշտում է՝ եթե սա պարզապես ռազմական ճանապարհով տարածքի վերականգնում է, ապա իրականում դրանով Ադրբեջանը չի հասել այն նպատակին, որն այս ամենի պատճառ է դարձել և նույնիսկ չի վերականգնել այն Ադրբեջանը, որը նախկինում գոյություն ուներ։

«Նախկինում Ադրբեջանում տարբեր ազգեր էին ապրում, ինչից երկիրը շահում էր։ Հեյդար Ալիևը ինձ հետ մասնավոր զրույցներում միշտ ասում էր, որ սիրում է գնալ Ստեփանակերտ, որը նա Խանքենդի էր անվանում: Դա մի վայր էր, որը նրան դուր էր գալիս, որտեղ տարբեր ազգության մարդիկ էին ապրում։ Ողջ երկրում էր բնակչությունը բաղկացած տարբեր ազգերից: Այս տարածաշրջանում իդեալական կլիներ խաղաղ կարգավորումը, որը թույլ կտար առաջ շարժվել: Այսօր կարող է հարց ծագել․ իսկ ի՞նչ կլինի ուժի կիրառումից սրան հասնելուց հետո՝ արդյո՞ք ապագայում ինչ-որ պահի պատերազմը կվերսկսվի, կլինի՞ պատերազմ Լեռնային Ղարաբաղի համար, միջանցքի համար, որը Նախիջևանը կկապի Ադրբեջանի հետ: Չեմ կարծում, թե մեծ վստահություն կլինի մի տարածաշրջանի նկատմամբ, որտեղ կայունություն, վստահություն չկա: Դժվար է այսպիսի պայմաններում ներդրումներ ներգրավելը, առավել եւս՝ օտարերկրյա ներդրումներ»,- շեշտեց Քավանոն։

Տեսանյութեր

Լրահոս