Իշխանափոխության կլինի հասնել, բայց ոչ փողոցում. Հայկ Մարությանը ներկայացրեց իր ծրագիրը
Հայաստանում ընտրությունների միջոցով հնարավոր է հասնել իշխանափոխության, եթե ընդդիմադիր ուժերը համախմբվեն ու օգնեն իրար, որպեսզի իշխանությունը չվերարտադրվի։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս հայտարարությունն արեց Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։
Նրա խոսքով` այսօր Երևանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաները շատ բնական պրոցես են, մարդիկ դուրս են գալիս փողոց, որպեսզի հարցերի պատասխաններ ստանան, բայց ինքը չի միանում, քանի որ կարծում է, որ երկրում իշխանափոխություն պետք է լինի բացառապես ընտրությունների միջոցով։
Հոկտեմբերի 10–ին պետք է կայանա Երևանի ավագանու անդրանիկ նիստը, և Մարությանը ընդդիմադիր ուժերին («Մայր Հայաստան» դաշինք, «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները) կոչ արեց իրար հետ համագործակցել ոչ դաշինքի տեսքով։
Քանի որ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է կոալիցիա կազմել, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը, Մարությանը նշեց, որ, ըստ օրենքի, դա հնարավոր չէ փաստաթղթով ամրագրել, քանի որ մրցույթային կարգով է դա որոշվում։ Փոխարենը Մարությանն առաջարկեց քննիչ հանձնաժողով ստեղծել ու զբաղվել այդ վերահսկողությամբ։
«Օրենքը թույլ է տալիս ավագանիում ստեղծել ժամանակավոր քննիչ հանձնաժողով, կարող եք այն ղեկավարել, ստուգել բոլորին, առաջինը` ինձ, իմ երեք տարվա գործունեությունը, հետո միայն անցնել մյուսներին»,- ասաց Մարությանը։