«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը միջազգային հանրությունից պահանջում է պատասխանատվության կոչել Ադրբեջանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել 2020թ․ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ՝ միջազգային հանրությունից պահանջելով պատասխանատվության կոչելու Ադրբեջանին՝ մարդկության նկատմամբ գործած պատերազմական հանցանքների համար, և գործնական քայլերով աջակցելու ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարբեր ժամանակներում փախստական դարձած բոլոր հայերի իրավունքների վերականգնմանը։

Հայտարարության մեջ նշված է. «Երեք տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ։ 44 օր տևած պատերազմի ժամանակ Ադրբեջանը խախտել է պատերազմելու միջազգայնորեն ընդունված բազմաթիվ կանոններ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածներ, օգտագործելով արգելված զինատեսակներ (ֆոսֆորային, կասետային զենքեր), ռազմական գործողություններում ներգրավվելով սիրիացի վարձկանների, գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց ենթարկելով խոշտանգման և անմարդկային տանջանքների։ Վերահաստատելով խնդիրների լուծման քաղաքակիրթ եղանակից հրաժարման և ուժի դիրքերից ու ռազմական հռետորաբանությամբ ուղեկցվող վաղեմի պրակտիկան՝ Ադրբեջանի բռնատիրական վարչակարգը ցուցադրեց մարդկության նկատմամբ հանցագործությունների կատարման, միջազգային մի շարք հեղինակավոր իրավապաշտպան հռչակագրերի և կոնվենցիաների խախտման իր ողջ պատրաստակամությունն ու ոգևորությունը։ Այս են հաստատում երեք տարի անց Ադրբեջանի նախագահի այն խոսքերը, թե «պատերազմում հաղթելն իմ կյանքի, քաղաքական կյանքի առաքելությունն էր»։

Սակայն, հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ոչ միայն պատերազմում հաղթելն էր Բաքվի բռնապետական վարչակարգի կյանքի առաքելությունը, այլև իրական էթնիկ զտումների դիմելը՝ դանդաղ սովամահությունից մինչև ամենաինտենսիվ ռազմական գործողություններ, որպիսիք իրականացվեցին 2023թ․ սեպտեմբերի 19-20-ին 10 ամիս շրջափակման մեջ հյուծված Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայության նկատմամբ։

Ինչպես 2020թ․ 44-օրյա, այնպես էլ 2023թ․ սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել և Հայաստանում ապաստան են գտել հազարավոր հայեր, այսօր Ստեփանակերտում կուտակվել են ներքին տեղահանվածներ։ Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում առաջացել են փախստականությանն առնչվող ահռելի խնդիրներ։

1988-1992թթ․ Ադրբեջանից, 2020-2023թթ․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները, իրենց նաև մշտական բնօրրանը ժամանակավորապես կամ մշտապես կորցրած մեր հայրենակիցները ունեն քաղաքական, իրավական, սոցիալական, տնտեսական և հումանիտար/մարդասիրական աջակցության լուրջ կարիք, իսկ Արցախում մնացած հայությունը գտնվում է Ադրբեջանի ռազմական ուժի ամենաուղղակի սպառնալիքի տակ։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր անվերապահ զորակցությունն է հայտնում 2020թ․ 44-օրյա պատերազմի, 2023թ․ սեպտեմբերյան պատերազմի նահատակաների և անմեղ զոհերի ընտանիքներին։

Այս դժվարին ժամանակներում 1988-1992թթ․ տեղահանման ենթարկված հայության ներկայացուցիչները լիապես կիսում են Լեռնային Ղարաբաղի իրենց հայրենակիցների տառապանքն ու վիշտը։

Հաշվի առնելով վերոշարադրյալը, որն իրական աղետի մի մասն է միայն, մենք՝ որպես ադրբեջանական ագրեսիայի ողջ ծանրությունը վերապրածներ, պահանջում ենք միջազգային հանրությունից պատասխանատվության կոչելու Ադրբեջանին մարդկության նկատմամբ գործած պատերազմական հանցանքների համար և գործնական քայլերով աջակցելու ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարբեր ժամանակներում փախստական դարձած բոլոր հայերի իրավունքների վերականգնմանը»:

Տեսանյութեր

Լրահոս