«ՀՀ ղեկավարությունը պետք է հիշի ԱՄՆ-ի վրա հույս դրած երկրների աննախանձելի ճակատագիրը»․ Լավրով

Հայաստանի ղեկավարությունը պետք է հիշի, թե ինչ ճակատագրի են արժանացել այն երկրները, որոնք հույսները կապել են ԱՄՆ-ի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է այնպես ստացվել, որ Հայաստանը կորցնի Ռուսաստանի հետ իր կապն ու հարաբերությունները, Լավրովը պատասխանել է, որ Երևանում մի շարք քաղաքական գործիչներ հենց նման սցենար են ուզում և թեքվում են դեպի Արևմուտք։

«Գիտեք, այնտեղ շատերն են ցանկանում  կորցնել Ռուսաստանը և նոր ընկերներ ձեռք բերել», – ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

«Եթե նրանք հույսները կապում են ԱՄՆ-ի հետ, ինչը բխում է Հայաստանի իշխանության շատ ներկայացուցիչների հայտարարություններից, ապա լավ կլիներ, որ ուսումնասիրեին ժամանակակից պատմությունը, թե ինչպես է ԱՄՆ վարվել նրանց հետ, ում ցանկացել է առնել իր թևի տակ և ինչպես է առաջ տարել իր աշխարհաքաղաքական շահերը՝ ամերիկյան ափերից հեռու տարածաշրջաններում։ Բոլոր այդ մարդկանց ճակատագրերը նախանձի տեղիք բոլորովին չեն տալիս»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ ցանկացած դեպքում Անդրկովկասում Ռուսաստանի Դաշնության շահերը չեն կարող անտեսվել։

«Պատմական, աշխարհագրական, աշխարհաքաղաքական տեսանկյունից անհնար է Ռուսաստանին կորցնել այն առումով, որ բոլորովին անտեսվեն նրա շահերն Անդրկովկասում։ Բայց Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ այդպիսի հույսեր փայփայում են, և այդ մասին ուղիղ ասում են»,- ասել է Սերգեյ Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ նման մտքեր հնչել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթներից մեկում։

«Նա հայտարարել էր, թե «չկայացած դաշինքները», որոնց հետ  անվտանգային առումով  հույսեր էր կապում Հայաստանը, անհրաժեշտ է փոխարինել և  ընդլայնել գործընկերների շրջանակը, որոնք կարող են այդ անվտանգությունն ապահովել»,- հիշեցրել է Լավրովը։

Տեսանյութեր

Լրահոս