Հայաստանը որոշել է ՀԱՊԿ-ում դեսպան չնշանակել. Factor.am
ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովին հետ կանչելուց հետո պաշտոնական Երևանը որոշում է կայացրել նրան այդ պաշտոնում փոխարինող չնշանակել։ Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ում դեսպանի պաշտոնը թափուր կմնա։
Վիկտոր Բիյագովը ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից հետ կանչվեց սեպտեմբերի 5-ին և նշանակվեց Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ ԱԳՆ-ից ՀԱՊԿ-ում դեսպան չնշանակելու տեղեկությունը չեն մեկնաբանում։
Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից հայկական կողմի դժգոհությունը հրապարակային դրսևորվեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից հետո, երբ ՌԴ-ն և ՀԱՊԿ-ն անպատասխան թողեցին իրենց պայմանագրային պարտավորությունները կատարելու և Հայաստանին անվտանգային աջակցություն ցույց տալու պաշտոնական Երևանի գրավոր դիմումները։
Առկա դժգոհությունն էլ ավելի սրվեց Լաչինի միջանցքի փակումից, նաև՝ Արցախի նկատմամբ վերջին հարձակումից հետո։ Ու թեև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողվի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը երեկ ասել էր՝ չենք կարծում, որ այս պահին ՀԱՊԿ-ից հրատապ դուրս գալը մեզ ինչ-որ օգուտ կբերի, այդուհանդերձ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ խոստովանեց՝ արտաքին անվտանգության համակարգերը, որոնցում ներգրավված է Հայաստանը, արդյունավետ չեն։
Այս լարվածության ֆոնին՝ ռազմավարական դաշնակից համարվող երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները դիվանագիտական բառապաշարը մի կողմ թողած փոխադարձ վիրավորանքներ և մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին։
Երեկ էլ հայտնի դարձավ, որ Հայաստանի Ազգային ժողովը պատրաստվում է առաջիկա քառօրյայի ընթացքում վավերացնել Հռոմի ստատուտը, որի առնչությամբ ռուսական կողմը տարբեր առիթներով քննադատություն է հնչեցնում։
Ի դեպ, իշխանական տարբեր պաշտոնյաներ պնդում են, որ այն վավերացնելու են առանց վերապահումների, ինչն ըստ, փորձագիտական շրջանակներից հնչող գնահատականների, նշանակում է՝ եթե ՌԴ նախագահը այցելի Հռոմի կանոնադրությունը վավերացրած երկիր, ապա պետք է ձերբակալվի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր Հաագայի միջազգային քրեական դատարանը տվել էր դեռ այս տարվա մարտին։