Բաժիններ՝

Ֆինլանդիայի դրոշը հանվել է Սանկտ Պետերբուրգում երկրի գլխավոր հյուպատոսության շենքի վրայից

Եվրամիության և Ֆինլանդիայի դրոշները հանվել են Սանկտ Պետերբուրգում Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոսության շենքի դրոշաձողերից։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Ներկայացուցչության գործունեությունը կդադարեցվի 2023 թ. հոկտեմբերի 1-ից․ ռուսական կողմը նման որոշում է ընդունել՝ ի պատասխան Ֆինլանդիայի իշխանությունների վարած հակառուսական քաղաքականության։

Հյուպատոսության շենքի ճակատից հեռացվել է նաև Ֆինլանդիայի Հանրապետության զինանշանը։ Գլխավոր հյուպատոսության էջում նշվում է, որ այն դադարեցնում է գործունեությունն իր հիմնադրման 100-ամյակի տարում։

2010-ականներին Սանկտ Պետերբուրգում Ֆինլանդիայի հյուպատոսությունն անվանել են «այցագրերի գործարան»` մեծ քանակությանբ տրվող այցագրերի պատճառով։ Այսպես, 2013 թ.-ին ձևակերպվել է ավելի քան 1,2 միլիոն այցագիր, ինչը բացարձակ ռեկորդ է դարձել Ֆինլանդիայի բոլոր արտասահմանյան դիվանագիտական ​​ներկայացուցչությունների շրջանում։

Հուլիսի 6-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանում Ֆինլանդիայի դեսպան Անտի Հելանտերիային կանչել են ԱԳՆ, որտեղ նրան վճռական բողոքի են հայտնել՝ «կապված Հելսինկիի հակառուսական քաղաքականության հետ»։ Պաշտոնական հայտարարության մեջ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ Ռուսաստանը, ի պատասխան Ֆինլանդիայի իշխանությունների վարած հակառուսական քաղաքականության, հոկտեմբերի 1-ից հետ է կանչում Սանկտ Պետերբուրգում երկրի գլխավոր հյուպատոսության գործունեության վերաբերյալ իր համաձայնությունը և արտաքսում 9 ֆինն դիվանագետների:

Սանկտ Պետերբուրգում Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոսությունում հաճախորդների սպասարկումն ավարտվել է սեպտեմբերի 1-ին։ Այդ օրվանից Մոսկվայում դեսպանատունն է պատասխանատու հյուպատոսական հարցերի և Ֆինլանդիա մուտք գործելու հետ կապված հարցերի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս