Բաժիններ՝

2024-ից ՀՀ–ում ստիպված կլինեն տուգանք վճարել բնակարանների ստվերային վարձակալության համար

Հայաստանում բնակարանների ստվերային հանձնման համար 2024 թվականի հունվարից սեփականատերերը ստիպված կլինեն տուգանք վճարել։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանում բնակարանների և տների վարձակալությունը գրեթե միշտ կատարվում է առանց պայմանագրերի, այսինքն՝ առանց հարկերի վճարման (վարձակալական եկամուտներից պետք է 10 տոկոս եկամտահարկ վճարել)։ Դա առավել արդիական է հիմա, երբ վարձակալության շուկան ակտիվացել է մեծ թվով օտարերկրյա քաղաքացիների գալու հետ կապված (մեծամասամբ ռուսների, որոնք հիմնականում գալիս են միջին և երկար ժամկետով)։

Պաշտոնապես գրանցված վարձակալական պայմանագրերի թիվը, սակայն, 2022-ին գրեթե չի աճել (2021-ին՝ 4 150, 2022-ին՝ 4 185)։

Օրինագծի համաձայն՝ ստվերային վարձակալության համար (առանց հարկային ծանուցում ներկայացնելու) հարկ կլինի վճարել բնակարանի կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով տուգանք, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ, իսկ կրկնակի խախտման դեպքում՝ 10 տոկոս, բայց ոչ ավելի, քան 1 մլն:

«Օրենքը, ինչպես նշեցի, առաջարկվում է գործողության մեջ դնել 2024 թվականի հունվարի 1-ից, բայց եթե նույնիսկ քաղաքացին, չսպասելով ստուգումներին, դրանից հետո ծանուցի հարկայինին, պատասխանատվություն չի կիրառվի», – մանրամասնեց Թամազյանը։

Նշենք, որ 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Հայաստան ժամանած ռուսաստանցիների ճշգրիտ թիվը հնարավոր չէ պարզել, քանի որ այդ թիվն անընդհատ փոխվում է (մի մասը կարող է դուրս գալ երկրից, մի մասը՝ վերադառնալ)։ Ըստ 2022-ի վերջին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի նշած տվյալների՝ Հայաստան է ժամանել մոտ 114 հազար ՌԴ քաղաքացի, որից մոտ 65 հազարը՝ հայկական ծագմամբ։ Դրանից հետո Հայաստանում կտրուկ (մինչև մեկուկես-երկու անգամ) աճել են վարձակալության գները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս