ԱՄՆ ԱԽ–ն ցավում է ԼՂ–ում տեղի ունեցած պայթյունի համար. խոստանում են հիգիենայի պարագաներով, վերմակներով և հագուստով ապահովել
Միացյալ Նահանգների իշխանություններն ակնկալում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կկարողանան մարդասիրական օգնություն ստանալ, իսկ ամերիկյան կողմը նրանց կտրամադրի լրացուցիչ աջակցություն։ Այս մասին ասված է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Էդրիեն Ուոթսոնի գրավոր հայտարարությունում:
Ամերիկյան կողմը «ցավ է ապրում այն լուրից, որ առնվազն 68 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են Լեռնային Ղարաբաղում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով»։
«Մենք կոչ ենք անում շարունակել հումանիտար մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ ի շահ բոլոր կարիքավորների», – ընդգծել է Ուոթսոնը:
Սպիտակ տան ներկայացուցիչը վստահեցրել է, որ «ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ներկա ճգնաժամից տուժածներին»։
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է անցել 28 հազար մարդ։
«Սամանտա Փաուերը (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն:- Խմբ.) գտնվում է տարածաշրջանում, և այսօր Միացյալ Նահանգները հայտարարում է հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին՝ բուժօգնության և այլ շտապ կարիքները հոգալու համար, որի միջոցով օգնելու է տեղական համայնքներին ապաստան, հիգիենայի պարագաներ, վերմակներ և հագուստ ապահովել Լեռնային Ղարաբաղում բռնության հետևանքով տուժածների կամ տեղահանվածների կարիքները հոգալու համար», – հայտարարել է Սպիտակ տան պաշտոնյան։