Սիրիական ճգնաժամին նվիրված գիտաժողովը նպաստեց գիտական դիվանագիտության շրջանակում առկա մարտահրավերների քննարկմանը
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը կազմակերպել և անցկացրել է «Սիրիական ճգնաժամն ու քրդական գործոնը. Ներքրդական, տարածաշրջանային և միջազգային դիտանկյուններ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նպատակ ուներ դիվանագիտական և ակադեմիական շրջանակների ներգրավմամբ` գիտական դիվանագիտության հարթակում քննարկել սիրիական ճգնաժամի ներսիրիական, տարածաշրջանային և միջազգային դիտանկյուններն ու տարածաշրջանում քրդական գործոնի աշխարհաքաղաքական նշանակությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտից, Արցախի և Հայաստանի համար բարդագույն և մարտահրավերներով լի այս շրջանում գիտաժողովը մեծապես նպաստեց նաև գիտական դիվանագիտության հարթակում առկա մարտահրավերների բարձրաձայնմանն ու դրանց բազմակողմանի քննարկմանը:
Զեկուցումները նվիրված էին ներսիրիական զարգացումներին ու քրդական գործոնի տարբեր դիտանկյուններին: Քննարկվցին հարցեր, որոնք առնչվում էին սիրիական ճգնաժամի ազդեցությանը տարածաշրջանային և միջազգային իրողությունների վրա, տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային դերակատարների (ՌԴ, Իրան, Թուրքիա, ԱՄՆ, Չինաստան, ԵՄ երկրներ) ներգրավվածությանը սիրիական հակամարտությունում ու դրա հետևանքներին:
Զեկուցումների թեմաները ներառում էին հետևյալ դիտանկյունները՝ սիրիական ճգնաժամում քրդական հարցի վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումները, Սիրիայի աշխարհաքաղաքական նշանակությունը, ԱՄՆ մերձավորարևելյան քաղաքականության կերպափոխումները, Թուրքիայի քաղաքականությունը սիրիական ճգնաժամում և ուղղակի ներգրավվումը. անվտանգային հիմնահարցեր, Սիրիայի քրդերի հետ կապված մարտահրավերները Թուրքիայի տեսանկյունից, քուրդ պարտիզան կնոջ կերպարի փոխակերպումները, սիրիական կառավարության քրդական քաղաքականությունը ճգնաժամի սկզբնափուլում, Իրանի տարածաշրջանային անվտանգության շահերն ու քրդական գործոնը սիրիական ճգնաժամի առանցքում, հայ-քրդական պատմամշակութային առնչությունները, Քրդստանի և Իրաքի կառավարության հարաբերությունների առանձնահատկությունները: Մի քանի զեկուցումներ նվիրված էին Սիրիայի արաբական երկրների հետ հարբերությունների բարելավման գործընթացին. մասնավորապես այդ գործընթացում Եգիպտոսի դերակատարմանը, Ծոցի երկների, ինչպես նաև Մարոկկոյի և Թունիսի դիրքորոշումների փոփոխությանը, ԱՊԼ-ում Սիրիայի անդամակցության վերականգնմանը, ինչպես նաև սիրիական հարամարտության նկատմամբ Իսրայելի քաղաքական և հասարակական ընկալումների քննությանը: Քննարկվեցին նաև հարցեր, որոնք առնչվում էին նաև Հարավային Կովկասում թուրքական գործոնի ուժեղացմանը, ռուս-թուրքական հարաբերությունների դրսևորումներին, Արցախի շուրջ ձևավորված բարդագույն իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և այլն:
Գիտաժողովին մասնակցեցին ինչպես ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող օտարերկրյա դիվանագետներ, այնպես էլ արաբական մի շարք երկրներում ծառայություն իրականացնող ՀՀ դեսպաններ և դիվանագետներ, ՀՀ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատողներ, հետազոտողներ Միջին Արևելքի և Հարավային Ասիայի rազմավարական հետազոտությունների կենտրոնից, Վաշինգտոն, Հանրային քաղաքականության Ռիվակ Բաղդադ կենտրոնից (Իրաք), Եգիպտոսից և այլոք:
Գիտաժողովին մասնակցեցին նաև Երևանի պետական համալսարանի, Բրուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոսներ: