Բաժիններ՝

Շորթողների Cuba խումբը գրոհում է նոր վնասաբեր ծրագրերի միջոցով. «Կասպերսկի»

«Կասպերսկի» ընկերությունը հրապարակել է Cuba-ի մասնակցությամբ նոր կիբեռմիջադեպի հետաքննության արդյունքները: Սա շորթողների խումբ է, որը գրոհել է աշխարհով մեկ բազմաթիվ ընկերություններ, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Օվկիանիայի և Ասիայի առևտրային, լոգիստիկ, ֆինանսական, պետական կազմակերպություններ և արդյունաբերական ձեռնարկություններ:

Ընկերության տվյալներով՝ այս անգամ չարագործներին հաջողվել է ներդնել վնասաբեր ծրագրային ապահովում (ԾԱ), որը երկար ժամանակ աննկատ է մնացել ընդլայնված հայտնաբերման որոշ համակարգերի կողմից: 2022-ի դեկտեմբերին «Կասպերսկի» ընկերությունը վարակված ընկերություններից մեկի համակարգում հայտնաբերել է երեք կասկածելի ֆայլ։ Այդ ֆայլերը գործարկել են գործողությունների հաջորդականություն, որոնք հանգեցրել են նաև որպես Bughatch հայտնի komar65 վնասաբեր շտեմարանի ներբեռնմանը։ Դա մի բեկդոր է, որը ծավալվում է գործընթացի հիշողության մեջ և կատարում ներկառուցված շելլ-կոդ իրեն հատկացված հիշողության տարածքում՝ օգտագործելով Windows API (VirtualAlloc, CreateThread, WaitForSingleObject), իսկ հետո միանում է հրամանների սերվերին և սպասում հետագա հրահանգների: Այն կարող է ներբեռնել այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Cobalt Strike Beacon-ը և Metasploit-ը: Գրոհի ընթացքում օգտագործվում է Veeamp գործիքը, ինչը նույնպես վկայում է Cuba խմբի  ներգրավվածության մասին։ Ընդ որում, որոշ պանակների անվանումներ նույնպես պարունակում են ռուսերեն բառեր, և դա կարող է ևս մեկ վկայություն լինել այն բանի, որ գործում է ռուսալեզու խումբ։

«Կասպերսկի»-ի փորձագետները բացահայտել են լրացուցիչ մոդուլներ, որոնք ընդլայնում են տվյալ վնասաբեր ԾԱ-ի ֆունկցիոնալությունը: Դրանց թվում կա, մասնավորապես, մոդուլ, որը տեղեկատվություն է հավաքում վարակված համակարգից և ուղարկում այն սերվեր HTTP POST-հարցման տեսքով։

Բացի այդ, VirusTotal-ում հայտնաբերվել են վնասաբեր ծրագրերի նոր տեսակներ, որոնց կիրառումը վերագրվում է Cuba-ի հեղինակներին։ Դրանցից մի քանիսը չեն հայտնաբերվել այլ մատակարարների լուծումներով: Դրանք Burntcigar վնասաբեր ԾԱ-ի նոր տարբերակներ են, որոնք հակավիրուսը շրջանցելու համար օգտագործում են ծածկագրված տվյալներ:

Միաժամանակ, որպես կանոն, Cuba ծածկագրիչը օգտագործում է միաֆայլ ծավալման տեխնիկաներ, որոնք թույլ են տալիս գործել առանց վնասաբեր շտեմարան բեռնելու, ինչը նշանակալիորեն դժվարացնում է սպառնալիքի հայտնաբերումը: Cuba-ի օպերատորներն օգտագործում են և՛ համընդհանուր հասանելի, և՛ իրենց ստեղծած վնասաբեր գործիքները, մշտապես կատարելագործում դրանք, ինչպես նաև օգտագործում են այնպիսի մարտավարություններ, ինչպիսին է BYOVD-ը (Bring Your Own Vulnerable Driver): Դա գրոհ է, որի ընթացքում չարագործները համակարգում կատարում են վնասաբեր գործողություններ օրինական ստորագրված խոցելի դրայվերների միջոցով:

«Մեր հետազոտությունները ցույց են տալիս արդիական կիբեռսպառնալիքների վերաբերյալ վերլուծական զեկույցներին ընկերությունների տեղեկատվական անվտանգության մասնագետների   հասանելիության կարևորությունը: Cuba-ի նման շորթողների խմբերը մշտապես զարգանում են և կատարելագործում իրենց մարտավարությունները, ուստի չափազանց կարևոր է մեկ քայլ առաջ լինել՝ հնարավոր գրոհներին արդյունավետ հակազդելու համար: «Կասպերսկի» ընկերությունում Threat Intelligence և MDR թիմերը սերտորեն փոխգործակցում են միմյանց հետ՝ մշտապես փոխանակելով տվյալները և կատարելագործելով մատուցվող ծառայությունները: Սպառնալիքների անընդհատ փոփոխվող լանդշաֆտի պայմաններում հնարավոր ռիսկերի մասին իրազեկվածությունը կիբեռհանցագործությունների հետևանքներից պաշտպանվելու կարևոր բաղադրիչներից է»,- հիշեցնում է «Կասպերսկի» ընկերության կիբեռանվտանգության փորձագետ Գլեբ Իվանովը։

Cuba խմբի տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ դրա անդամները կեղծում են կոմպիլյացիայի ժամանակային նիշերը՝ հետազոտողներին մոլորության մեջ գցելու համար: Օրինակ՝ 2020-ին հայտնաբերված նմուշների ժամանակային նիշը թվագրված էր 2020-ի հունիսի 4-ով, իսկ ավելի նորերն իբր կոմպիլյացվել են 1992-ի հունիսի 19-ին: Շորթողների յուրահատուկ մոտեցումն այն է, որ նրանք ոչ միայն ծածկագրում են տվյալները, այլև հարմարեցնում են գրոհները գաղտնի տեղեկատվություն՝ ֆինանսական փաստաթղթեր, բանկային քաղվածքներ, ընկերությունների հաշիվներ և սկզբնական կոդ գողանալու համար: Ռիսկի են ենթակա հատկապես ԾԱ արտադրողները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս