
Ադրբեջանը ցանկանում է Կարմիր խաչի համար Գորիս-Կապան ճանապարհով դեպի Ստեփանակերտ ուղի ապահովել. Հաջիև

Ներկայում Ադրբեջանն աշխատում է Գորիս-Կապան-Էյվազլի-Վարանդա-Շուշի-Ստեփանակերտ ճանապարհով ԿԽՄԿ-ին բացառիկ մուտք ապահովելու ուղղությամբ՝ բժշկական տարհանման և օգնության առաքման համար:Այս մասին X սոցկայքի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ ադրբեջանական հիվանդանոցները պատրաստ են ընդունել Ստեփանակերտից վիրավորներին:
Նա այս մասին գրել է՝ անդրադառնալով երեկ երեկոյան Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունին, որի հետևանքով հոսպիտալացվել է 290 հիվանդ, գրանցվել է 20 զոհ:
«Մենք կանոնավոր կապի մեջ ենք ԿԽՄԿ-ի, ինչպես նաև Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ՝ տեղում հումանիտար կարիքներին արձագանքելու համար:
Ներկայումս մենք աշխատում ենք Գորուս (Գորիս)-Գաֆան (Կապան)-Էյվազլի-Ֆիզուլի (Վարանդա)-Շուշա (Շուշի)-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհով ԿԽՄԿ-ին բացառիկ մուտք ապահովելու ուղղությամբ՝ բժշկական տարհանման և օգնության առաքման համար»: