«Սիրտս կոտրվում է..․ Այս սարսափի մեջ մեզ անհրաժեշտ է շտապ մարդասիրական օգնության անհապաղ մոբիլիզացիա Լաչինի միջանցքով». Հենրիխ Մխիթարյան
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական իր էջերում անդրադարձել է Արցախում շարունակվող ողբերգությանը։ Նա մասնավորապես նշել է, որ տասը ամիս տևած շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը սկսեց դաժան գնդակոծել Լեռնային Ղարաբաղը։
«Սիրտս կոտրվում է, երբ տեղեկանում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և զանգվածային արտագաղթով Հայաստան փախչող հազարավոր հայ ընտանիքների, կորուստների, վիրավորումների և մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին:
Իրավիճակը, որից այժմ տառապում են Լեռնային Ղարաբաղում մարդիկ, հիշողություններ է բերում պատմության ամենամութ ժամերից։ Մենք հաճախ հետ ենք նայում այդ մութ էջերին՝ սպանություններ, էթնիկ զտումներ և համակենտրոնացման ճամբարներ, և ափսոսում, որ ոչ ոք չարեց հնարավորը դա կանգնեցնելու համար: Մենք չենք կարող հետ բերել անցյալի վայրագությունների զոհերին, բայց մենք դեռ կարող ենք կանխել ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում։
Այս սարսափի մեջ մեզ անհրաժեշտ է շտապ մարդասիրական օգնության անհապաղ մոբիլիզացիա Լաչինի միջանցքով և միջազգային դիտորդական առաքելությունների տեղակայում՝ մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունները դադարեցնելու համար:
Այժմ հրատապ է միջազգային առաջնորդների համար ոտքի կանգնել էթնիկ զտումների դեմ և օգտագործել բոլոր հնարավոր քաղաքական գործիքները՝ տարածաշրջանում ռազմական գործողություններին վերջ դնելու համար։
Երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրելու իրենց հայրենիքում»,- ցավով գրել է սիրված ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։