«Ռոսսոտրուդնիչեստվոն» հույս ունի, որ ՀՀ-ում կպահպանվի ՌԴ կենտրոնների ներկայությունը
«Ռոսսոտրուդնիչեստվոն» հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը բավարար խոհեմություն կունենա երկրում ռուսական կենտրոնների ներկայությունը պահպանելու համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Պավել Շևցովը։
«Ես մեծ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը բավականաչափ խոհեմություն կունենա «Ռոսսոտրուդնիչեստվո» կենտրոնների ներկայությունը պահպանելու համար»,-ասել է Շևցովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանում Ռուսական տան աշխատանքի սառեցման ռիսկեր կան:
Նա հավելել է, որ Հայաստանում և Ռուսաստանում շատ մարդիկ կան, որոնք հետաքրքրված են երկրների միջև հումանիտար հարաբերությունների զարգացմամբ:
«Մենք չենք պատրաստվում հետ կանգնել այդ գործունեությունից։ Մենք հաջորդ տարվա համար զարգացման ծրագիր ունենք։ Հույս ունենք, որ ընդհանուր իրավիճակը չի անդրադառնա մեր կենտրոնի գործունեության վրա»,-նշել է նա։
Շևցովը հայտնել է, որ Հայաստանում բողոքի ցույցերը չեն ազդում երկրում Ռուսական տան աշխատանքի վրա, կենտրոնի շուրջ հակաիրավական գործողություններ չեն կատարվում:
«Գլոբալ առումով իրավիճակը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի կենտրոնի աշխատանքի վրա չի ազդում այն պատճառով, որ կենտրոնի շուրջ անօրինական գործողություններ չեն կատարվում»,- ասել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալը:
Նա հավելել է, որ բողոքի ցույցերի պատճառով «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն ստիպված է եղել հետաձգել Հայաստանում ռուսական համալսարանների կրթական ցուցահանդեսի անցկացման ժամկետները: