«Լեռնային Ղարաբաղի բնակիչներն արժանի են, որ բռնությանը վերջ դրվի, Ադրբեջանը պետք է կատարի խոսումը». Սամանթա Փաուեր

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին, որ պահպանի հրադադարը եւ կոնկրետ քայլեր ձեռնարկի պաշտպանելու քաղաքացիական անձանց իրավունքները ԼԵռնային Ղարաբաղում: Նախագահ Ալիեւը խոստացել է երաշխավորել էթնիկ հայերի իրավունքները: Ադրբեջանը պետք է կատարի այդ խոսումը:

Ավելին՝ շատ կարեւոր է, որ աշխարհը կարողանա ստուգել, համոզվել, որ Ադրբեջանն իր խոստումը կատարում է: Բոլոր կողմերը պետք է թույլ տան, որ միջազգային հումանիտար գնահատում եւ ներկայություն լինի, որպեսզի տեսնեն՝ արդյոք Ադրբեջանը կատարո՞ւմ է իր հանձնառությունները, եւ կարողանան այդ կառույցները հաշվետվություն ներկայացնել միջազգային հանրությանը»,- ԱՄՆ դեսպանատանը կայացած ասուլիսում ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը:

Նրա խոսքով. «Ադրբեջանը պետք է մշտապես եւ լիարժեք բացի Լաչինի միջանցքը ուղեւորափոխադրումների, կոմերցիոն եւ հումանիտար փոխադրումների Համար: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խոստումները բնակիչներին սին կլինեն, քանի դեռ քաղաքացիական անձինք չեն կարող ազատ գնալ եւ գալ, երբ դեղորայքի եւ սննդի պաշարները չեն կարողանում հասնել այնտեղ: Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին, օրինակ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն է , պետք է ունենա մուտք, որպեսզի առաջին անհրաժեշտության աջակցություն, հումանիտար օգնություն ցուցաբերվի մարդկանց»:

Խոսելով մինչ այժմ Հայաստանին ԱՄՆ-ի ցուցաբերած օգնության մասին, Սամանթա Փաուերը նաեւ հավելեց. «Վաղը ես կհայտարարեմ լրացուցիչ հումանիտար աջակցության մասին: Մենք ապահովելու ենք առաջին անհարժեշտության նյութեր, վերմակներ, հիգիենայի պարագաներ այն անձանց, ովքեր թողել, հեռացել են իրենց տներից, Լեռնային Ղարաբաղից եւ այժմ օգնության կարիք ունեն: Մենք պատրաստ ենք սննդամթերք եւ կանխիկ դրամական աջակցություն, իրավական օգնություն, կացարան ապահովել այն անձանց, որոնք դրա անհրաժեշտությունն ունեն: Մենք սերտորեն աշխատում ենք տեղի իշխանությունների հետ…

Լեռնային Ղարաբաղի բնակիչներն արժանի են, որ բռնությանը վերջ դրվի, իրենց հայկական մշակութային կապերն ապահովեն, նաեւ կարողանան իրենց հայեցողությամբ ազատ տեղաշարժվել: ԱՄՆ-ը շարունակելու է աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ՝ ամենաբարձր մակարդակում հետամուտ լինելով խաղաղության:Ապագայի հետ կապված՝ մենք շարունակելու ենք մեր փոխգործակցությունը Հայաստանի ժողովրդի հետ ժողովրդավարությունն ամրապնդելու եւ տնտեսական զարգացումն ապահովելու ուղղությամբ»:

Aravot.am

Տեսանյութեր

Լրահոս