Գերմանիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության վիճակի համար
Գերմանիայի իշխանություններն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և մտահոգված են տարածաշրջանում հայ բնակչության վիճակով։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
«Մենք շատ ուշադիր հետևում էինք իրավիճակին հանգստյան օրերին և շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության վիճակով»,- ասել է նա և անընդունելի համարել նախորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառումը: Էթնիկ հայերի վտարումը կամ բռնի վերաբնակեցումն անընդունելի են», – հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Ըստ նրա՝ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության իրավունքների պաշտպանությունը և զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը։ «Այս քայլերով մենք եզրակացության կգանք Ադրբեջանի մասին»,- հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը։ Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահները նույնպես պարտավոր են նպաստել խաղաղ բնակչության պաշտպանության ապահովմանը:
Նա հիշեցրել է, որ տարածաշրջանում աշխատում են ԵՄ դիտորդները։ «ԵՄ առաքելությունը գործում է միայն սահմանի հայկական կողմում և չի կարող զեկուցել Լեռնային Ղարաբաղից», – ընդգծել են ԱԳՆ-ում: