
«Ակնհայտ է, որ նման սցենարի իրագործման դեպքում «Իրան-Հայաստան» ասելով` Հայաստանի տակ պետք է հասկանալ… «որոշ հյուսիսային ուժերի»». Դավթյան

Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Թուրքական մեդիաները գրում են մոտ օրերին Սյունիքի համար զինված հակամարտության մեկնարկի մասին։ Խոսվում է «Զանգելան-Զանգեզուր» ուղղության մասին։
Ընդ որում, ըստ թուրքական աղբյուրների՝ Հայաստանն ու Իրանը պատրաստվում են համատեղ գործողությունների։ Մի կողմից, հնարավոր է, գործ ունենք քաղաքական տեխնոլոգիայի հետ, որի կիրառման նպատակն է լեգիտիմացնել Թուրքիայի մասնակցությունը ռազմական գործողություններին Իրանին զսպելու նպատակով։
Սակայն մյուս կողմից՝ ակնհայտ է, որ նման սցենարի իրագործման դեպքում «Իրան-Հայաստան» ասելով Հայաստանի տակ պետք է հասկանալ… «որոշ հյուսիսային ուժերի»։
Հասկանալով այդ ռիսկը՝ ՀՀ պսևդո-իշխանության պարագլուխն այսօր ելույթ է ունենում բացահայտ հակառուսական թեզերով, իսկ օրեր առաջ էլ, իրանական աղբյուրների փոխանցմամբ, մերժում է Թեհրանի առաջարկը մասնակցելու Իրանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպմանը Հայաստանի և Արցախի համար անվտանգության նոր մոդել մշակելու համար։
Հատկանշական է նաև, որ Էրդողանի նախիջևանյան այցի օրակարգում ադրբեջանական էքսկլավում մոդեռնիզացված ռազմական համալիրի բացումն է, ինչը կարող է կարևոր դեր խաղալ միջանցքի բացման և հետագայում հակաիրանական պլացդարմի ձևավորման գործում»։