«Հիմա պարզ է դառնում, որ արդեն Արցախում կատարվող իրադարձություններին զուգահեռ է լուծվում նաև Հայաստանի ու հայ ժողովրդի լինելիության հարցը․․․»

Ռազմական փորձագետ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախում աղետալի վիճակով պայմանավորված շատ հաճախ երկրորդական պլան են մղվում տեղեկատվական էն կարևոր հոսքերը, որոնք անցնում են մեր աչքի առջևով։

Իսկ Արցախում տեղի ունեցող զարգացումներին ու իրադարձություններին զուգահեռ միջազգային մամուլում կրկին ակտիվ քննարկման առարկա է դառնում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» օրակարգը։

Թուրքական մամուլում ակտիվ շրջանառվում է էն թեման, որ Հայաստանն Իրանի ու Ֆրանսիայի հետ համատեղ, մասնավորապես Սյունիքում, նոր պատերազմի են պատրաստվում Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ, Բայրամովը ՄԱԿ ամբիոնից խոսում է ադրբեջանցի փախստականների Հայաստան վերադառնալու մասին, էդ ընթացքում Նախիջևանում թշնամու զորքերն ու զինտեխնիկան չեն դադարում ակտիվ շարժերի մեջ լինելուց, Թուրքիայի ԱԳ նախարարը բաց տեքստով շանտաժ է անում Հայաստանին, Արևմուտքին և Ռուսաստանին՝ հայտարարելով, որ Արևմուտքի անտեղի խորհուրդները ավելի շատ քաոս ու արցունք կբերեն Հայաստանին, իսկ Էրդողանը վաղը անձամբ է մեկնելու Նախիջևան, այնտեղ հանդիպելու Ալիևի հետ, քննարկելու տարածաշրջանային, այդ թվում Զանգեզուրի միջանցքի հետ կապված հարցերը։

Այսպիսի խառը, բայց դինամիկ զարգացումներին զուգահեռ, Հայաստանի իշխանությունները ծանր վիճակից դուրս գալու, իրական հնարավորությունները ճիշտ գնահատելու փոխարեն, պրիմիտիվ լեզվակռիվների մեջ են մտել տարածաշրջանային հիմնական խաղացողների հետ, խաղալով մի ամբողջ ժողովրդի ճակատագրի վրա։

Առաջ, երբ ասում էինք, որ Արցախից հետո հերթը Հայաստանինն է, հիմա պարզ է դառնում, որ արդեն Արցախում կատարվող իրադարձություններին զուգահեռ է լուծվում նաև Հայաստանի ու հայ ժողովրդի լինելիության հարցը․․․»։

Տեսանյութեր

Լրահոս