Արցախի հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին նախօրոք ծանոթ էր ՀՀ վարչապետը. ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյան
«Երկրի» հարցին ի պատասխան ԱՀ ԱԺ նախագահ ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը հետևյալ պարզաբանումն է ուղարկել.
Անտեղի շահարկումներից խուսափելու համար և բանսարկություններից ու հերյուրանքներից զերծ մնալու նպատակով ցանկանում եմ տեղեկացնել, որ Ադրբեջանի կողմից իրականացված սույն թվականի սեպտեմբերի 19-ին ռազմական գործողությունների առաջին իսկ պահից ՀՀ վարչապետը տեղյակ է եղել բոլոր գործընթացներից և զարգացումներից: Առավել դրան, զինադադարի գին հանդիսացող Արցախի հանրապետության խորհրդի հայտարարությունը քննարկման նյութ է եղել և հայտարարության տեքստային տարբերակին նախօրոք ծանոթ են եղել ՀՀ պատասխանատու շրջանակներ, այդ թվում` անձամբ ՀՀ վարչապետը:
Ցավում եմ, որ ՀՀ-ում խորհրդարանական մեր գործընկերները, հավանաբար տեղյակ չլինելով այս մանրամասնություններին, փորձում են իրենց տեղեկացվածության պակասի հետևանքով մեղավորներ որոնել կամ մեղքեր բարդել այլ պատասխանատու անձանց վրա:
Արցախի իրավիճակն ու ներկա պայմանները թույլ չեն տալիս մեզ ավելի մանրամասնություններ ներկայացնել:
Հույսով ենք, որ հանձնառու ու պատասխանատու կեցվածքի ցուցաբերումը մեր գործընկերներին զերծ կպահի իրականության խեղաթյուրմամբ քաղաքական նեղ շրջանակների շահերը սպասարկելու գայթակղությունից: