Ուսուցիչների ապտակը Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը չի վարանում ամեն անգամ կրկնել, թե կտրուկ բարձրացրել են ուսուցիչների աշխատավարձերը՝ 400 հազար դրամ և ավելի աշխատավարձ են տալիս։ Ընդհուպ՝ 500 հազար դրամից ավելի ստացող ուսուցիչ կա։ Այն դեպքում, երբ այդպիսի ուսուցիչներին մատների վրա կարելի է հաշվի։

Պարզվում է, 400 հազար դրամ աշխատավարձ ստացող ընդամենը 20-30 ուսուցիչ կա Հայաստանում։ Իսկ 530 հազար դրամ ստանում է միայն մեկը։ Այն էլ հայտնի չէ, թե ինչ ծանրաբեռնվածությամբ է աշխատում։

35 հազար ուսուցչից ընդամենը 20-30-ն է 400 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստանում, բայց դա չի խանգարում, որ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե ուսուցիչների աշխատավարձը 400 հազարից բարձր է։

Իմիտացիա են ստեղծում, թե ուսուցիչների աշխատավարձերն անգամներով բարձրացրել են։ Այնինչ՝ իրականում ուսուցիչների 99,9 տոկոսից ավելիին դա չի վերաբերում։

Տասնյակ-հազարավոր ուսուցիչներ տարիներ շարունակ նույն աշխատավարձն են ստանում։ Հիմնականում 80-90 հազար դրամի չափով։ Այն դեպքում, երբ վերջին տարիներին կյանքը Հայաստանում մեծապես թանկացել է։ Բազմաթիվ ապրանքների գներ անգամներով բարձրացրել են։ Ու այդ ընթացքում ուսուցիչների մեծ մասի աշխատավարձերը մնացել են նույնը։

Այն, որ տասնյակ-հազարավոր ուսուցիչների աշխատավարձերը չեն փոխվել, Նիկոլ Փաշինյանը երբեք չի ասում։ Իսկ որ մի քանիսը 400 հազար դրամ և ավելի է ստանում, դարձրել է մատի փաթաթան։ Ամեն անգամ կրկնում է, որ 400 հազար դրամից ավելի ստացող ուսուցիչներ կան։ Հատուկ մի քանի հոգու աշխատավարձերը բարձրացրել են, որպեսզի առիթը բաց չթողնեն՝ տպավորություն ստեղծելու, թե ինչքան առատաձեռն են ուսուցիչների նկատմամբ։

Նույն հաջողությամբ 20-30 ուսուցչի աշխատավարձը կարող էին 1 միլիոն դարձնել ու հայտարարել, թե ուսուցիչների աշխատավարձերն այդքանով բարձրացրել են։

Այնինչ՝ հատուկ անպիսի չափանիշներ են սահմանել, որ ուսուցիչների մեծ մասը չկարողանա հաղթահարել ատեստավորումը և աշխատավարձ բարձրացնելու հնարավորություն ստանալ։ Նվաստացնում են ուսուցիչներին։

Ատեստավորում չանցած ուսուցիչն ինչպե՞ս պետք է մտնի դասարան, ինչպե՞ս պիտի նայի աշակերտների աչքերի մեջ, դրանից հետո ինչպե՞ս կվերաբերվեն աշակերտներն այդ ուսուցչին։

Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն իշխանություններին բացարձակ չեն հետաքրքրում։

Կարևորը՝ իրենց ուզածին հասել են՝ մի քանիսին 400 հազար դրամ և ավելի աշխատավարձ են տալիս, ու դա բավարար է հայտարարելու, թե ուսուցիչների աշխատավարձերը կտրուկ ավելացրել են։ Մյուսներն այլևս կարևոր չեն։

Երկու տարում 35 հազարից ավելի ուսուցիչներից ընդամենը 1565-ն է ատեստավորում անցել։ Նրանցից 20-30-ը ստանում է 400 հազար դրամ և ավելի, 500-ը՝ 300 հազար դրամ աշխատավարձ։ Մյուսների աշխատավարձերը, նույնիսկ ատեստավորումից հետո, շատ չեն փոխվել։ Բայց եթե համարենք, որ փոխվել է, միևնույն է, ուսուցիչների մեծ մասը շարունակում է աշխատել նույն աշխատավարձով, ինչ տարիներ առաջ։ Այդպիսիք կազմում են ուսուցիչների 95-96 տոկոսը։ Նրանց մի մասի աշխատավարձերը նույնիսկ նվազել են։

Ինչպես միշտ, կառավարությունն աճպարարությամբ է զբաղված՝ մի տեղից աշխատավարձերը կրճատում են, մյուս տեղում ավելացնում ու ցույց են տալիս, թե աշխատավարձ են բարձրացրել։

Կրճատումների մասին չեն խոսում, իսկ այնտեղ, որտեղ ավելացրել են, ինչպես որոշ ուսուցիչների պարագայում, նույն բանն այնքան են կրկնում, որ իրենք էլ սկսում են հավատալ իրենց ստերին ու կեղծիքներին։

Ուսուցիչների աշխատավարձերի այն կտրուկ բարձրացումները, որոնց մասին երկու տարի շարունակ խոսում են իշխանությունները, իրականում իմիտացիա է։ Այն, ինչ անում են ու շարունակում են անել, ծաղր է ուսուցչի նկատմամբ։

Տարօրինակ չէ՞, թե ինչո՞ւ են ուսուցիչները համատարած խուսափում ատեստավորումից, որը նաև աշխատավարձի բարձրացում է խոստանում նրանց։

Թվում է, թե այդպես չպիտի լիներ։ Բայց այդպես է, ու դա բազմաթիվ ենթադրությունների տեղիք է տալիս։ Պատճառը պետք է փնտրել ոչ թե ուսուցիչների, այլ այն չափորոշիչների մեջ, որոնք դրված են ատեստավորման հիմքում։

Անշուշտ, կան բազմաթիվ ուսուցիչներ, որոնց որակավորումը չի համապատասխանում ուսուցչի պահանջներին։ Նրանք, բնականաբար, պետք է դուրս մնան դպրոցից։ Բայց երբ ատեստավորման չափանիշներին չի բավարարում ուսուցիչների մեծ մասը, դա արդեն համակարգային խնդիր է։

Պատճառը պետք է մանկավարժական կրթության որակի ու ատեստավորման պահանջների մեջ փնտրել, եթե, իհարկե, իշխանություններն իսկապես ուզում են ատեստավորման միջոցով բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը։

Ակնհայտ է, որ այս պարագայում նպատակը ոչ այնքան ուսուցիչներին բարձր աշխատավարձ վճարելն է, որքան ցույց տալը, թե իրենք պատրաստ են վճարել, բայց ուսուցիչները պատրաստ չեն։ Պատրաստ չեն, որովհետև գիտելիքները չեն բավարարում։ Մի կողմից ցույց են տալիս, թե աշխատավարձ են բարձրացրել, այն էլ՝ կտրուկ, մյուս կողմից՝ այնպես են անում, որ հնարավորինս քիչ մարդ կարողանա օգտվել դրանից։

Բյուջեի փողերն են տնտեսում։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ծանրություն է լինելու բյուջեի վրա, եթե միանգամից 35 հազար ուսուցչի աշխատավարձը դարձնեն, ասենք՝ 400 հազար դրամ։ Կառավարությունում հասկանում են, որ դրա տակից չեն կարողանալու դուրս գալ։ Դրա համար էլ իմիտացիաներով են առջնորդվում։

Աշխատավարձերի բարձրացումից են խոսում, մինչդեռ ուսուցիչները բողոքում են, որ 15 տոկոսով նվազեցրել են դասղեկների վճարները, հանել են գրավոր աշխատանքի համար տրվող գումարները։ Արդյունքում՝ ուսուցիչը 15-20 հազար դրամով քիչ է ստանում, քան ստանում էր նախկինում։

Եթե ուսուցիչները չբարձրաձայնեին, իշխանությունները սրա մասին երբեք չէին խոսի։ Այն դեպքում, երբ խոսքը հազարավոր ուսուցիչների մասին է։ Բայց, որ 20-30 ուսուցիչ 400 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ամեն անգամ աչք են մտցնում։

Սա իրականում աչքակապություն է, և ոչ թե՝ աշխատավարձի բարձրացում։ Ու նույնն անում են ոչ միայն ուսուցիչների, այլև մյուսների, նաև զինծառայողների հետ։ Ուրիշ բան ոստիկանները, որոնց աշխատավարձերը վերջին տարիներին, հայտնի պատճառներով, անընդհատ բարձրացրել են՝ համատարած ու առանց հավելյալ քաշքշուկների, ատեստացիաների ու որակավորման չափանիշների։ Դրա համար էլ ունենք օրվա իշխանություններին հլու- հնազանդ ծառայող այդպիսի ոստիկանական համակարգ՝ անգրագետ ու բռի ոստիկաններով։

Տեսանյութեր

Լրահոս