Հակամարտության լուծման համապատասխան պարամետրերը հայտարարվել են Երևանի իշխանությունների կողմից ԵՄ գագաթնաժողովներում, որտեղ Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի մաս. ՌԴ ներկայացուցիչ
Ռուսաստանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությանն այլընտրանք գոյություն չունի: Այս մասին հայտարարեց ՄԱԿ-ի անվտանգության խորդում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ հրավիրված նիստում:
Նա նշեց, որ մարտական գործողությունների վերսկսկման պահից ի վեր ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը կապի մեջ է եղել ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, որ արյունահեղությունը դադարի: «Ամենավտանգավոր շրջաններից մոտ 5000 քաղաքացիներ են տարհանվել, այդ թվում՝ մոտ 1000 քաղաքացիներ, մարդկանց կացարան է տրամադրվել և ճամբար: Խաղաղապահների մոտ նրանք պաշտպանված են հրետակոծությունից…»,-ասաց ՌԴ ներկայացուցիչը:
Նա ամենակարևորը համարեց մարտական գործողությունների վերսկսումը թույլ չտալն ու իրավիճակը քաղաքական հուն վերադարձնելը: «ՌԴ-ն շարունակում է առաջատար դեր խաղալ՝ աջակցելով հարաբերությունների նորմալացման գործընթացին Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եվ որևէ մեկից ավելի մենք ենք շահագրգռված այս իրավիճակի հնարավորինս շուտ հանգուցալուծմամբ»,-ասաց նա:
Ռուսաստանը հավատացած է, որ հայ-ադրբեջանական խաղաղությունը պետք է ուղեկցվի անվտանգության հստակ և միանշանակ երաշխիքներով և մարդու իրավունքների հարգման երաշխիքներով ԼՂ բնակչության համար՝ հիմնվելով միջազգային սկզբունքների վրա:
«Հակամարտության լուծման համապատասխան պարամետրերը հայտարարվել են Երևանի իշխանությունների կողմից ԵՄ գագաթնաժողովներում, որտեղ իրենք ճանաչել են, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է: Միևնույն ժամանակ, այդ գագաթնաժողովների ավարտական հռչակագրերում, որոնց Երևանը տվել է համաձայնությունը, Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների, անվտանգության երաշխավորման թեման պարզապես դժբախտաբար բաց է թողնվել: Մենք ակնկալում ենք, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև շփումների արդյունքում հնարավոր կլինի հնարավորինս շուտ թեթևացնել մարդասիրական իրավիճակը տարածաշրջանում և ապահովել կայունություն ԼՂ բնակիչների առօրյա կյանքում: Մենք ամեն հնարավոր կերպ դրան կաջակցենք»,-ասաց ՌԴ ներկայացուցիչը:
Նա հիշեցրեց 2020 և 2022 թթ եռակողմ հայտարարությունների մասին, որոնք իրավական հիմքեր են նախատեսում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման համար: ՌԴ-ն հավատացած է, որ միակ իրական կայուն լուծումը դրանք կարող են ապահովել Հարավային Կովկասի այս հակամարտության համար:
«Ռուսական խաղաղապահ առաքելությանն այլընտրանք գոյություն չունի: Մենք մտադիր ենք շարունակել աշխատանքները հարաբերությունների նորմալացման բոլոր ուղղություններով, որոնց համաձայնություն են տվել 3 առաջնորդները՝ այդ թվում խաղաղության պայմանագրի մշակում, տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում, սահմանագծում և հարևան ժողովուրդների միջև իրավիճակի նորմալացում»,-ասաց Ռուսաստանի ներկայացուցիչը: