Բաժիններ՝

Աշխարհը մեզ լքել է, մենք մենակ ենք մնացել. արցախցի

«Վիճակը լարված է: Մենք թեև ապաստարան ունենք, ու հիմա իմ ընտանիքն ապաստարանում է, բայց շատերը կան, որ ապաստարան չունեն, և փողոցներում շատ կանայք ու երեխաներ կան այս պահին»,- 168.am-ի հետ զրույցում ցավով արձանագրեց Ստեփանակերտի մեր աղբյուրը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություններ կային Ստեփանակերտի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կրակահերթի մասին, նաև ահազանգեր, որ մինչ Եվլախում ընթանում էին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, Ադրբեջանը փորձում էր գրոհել ու վերցնել մայրաքաղաք Ստեփանակերտը։

«Ադրբեջանցիները փորձեցին Ստեփանակերտ մտնել, ինչպես խոսում են՝ Ստեփանակերտում իրենց դրոշն ուժով բարձրացնելու համար, իբրև մեզ կոտրելով: Այսինքն՝ թեպետ մենք հանձնվել ենք, բայց ավելի ցուցադրաբար անել:

Հիմա հանդարտ է, բայց թուրքին վստահել չի կարելի,- իր տեղեկությունները ներկայացրեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ որևէ սպասելիք չունի նաև Եվլախում այսօր տեղի ունեցած հանդիպումից,- Աշխարհը մեզ լքել է, մենք մենակ ենք մնացել, իսկ մենք քիչ ենք, որևէ բան չենք սպասում.  կա՛մ մեր պատվով պետք է ապրենք այստեղ, կա՛մ դուրս գանք, կա՛մ պատվով պիտի կռվենք՝ մինչև մեռնենք բոլորս»:

168.am-ը այս  նյութը հրապարակում է առանց քաղաքացու անուն-ազգանունը նշելու, քանի որ մտավախություն կա, որ մեզ հետ զրուցած Արցախի Հանրապետության քաղաքացին ադրբեջանական հայտնի անվանացանկերում է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս