ԼՂ-ում իրավիճակը մնում է փխրուն. մենք պետք է չսահմանափակվենք գեղեցիկ բառերով. Շվեյցարիայի ներկայացուցիչ

Շվեյցարիան խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված ռազմական գործողություններով։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Շվեյցարիայի ներկայացուցիչ Պասկալ Բերիսվիլը՝ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման թեմայով հրատապ նիստի ժամանակ։

« Այս զարգացումը լրացուցիչ բեռ է առաջացրել Լեռնային Ղարաբաղի շրջանի քաղաքացիական բնակչության համար։ Նրանք արդեն իսկ ծանր հումանիտար իրավիճակում էին և կրում էին տառապանքներ։ Շվեյցարիան ի գիտություն է ընդունում սեպտեմբերի 20-ին հայտարարված հրադադարը և կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները։ Ուժի կիրառումը ընդունելի չէ որպես հակամարտության լուծման միջոց։ Թեպետ մարտական գործողությունները կարծես թե դադարել են, սակայն իրավիճակը մնում է փխրուն։ Անորոշության այս իրավիճակում միջազգային իրավունքով նախատեսված պարտավորությունները պետք է էլ ավելի հստակորեն կարևորել։ Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերը, մասնավորապես, փոքրամասնությունների իրավունքները, պետք է հարգվեն առանց որևէ պայմանների։ Մենք տխրեցինք, տեղեկանալով զոհված քաղաքացիական անձանց մասին»,- ասել է Շվեյցարիայի ներկայացուցիչը։

Նա կարևորել է նաև քաղաքացիական բնակչության, վիրավորների և բժշկական հիմնարկների պաշտպանության խնդիրները։

« Մարդասիրական սուբյեկտները, այդ թվում՝ ԿԽՄԿ-ն պետք է կարողանան իրենց անկողմնակալ առաքելությունները կատարել և արագ ու անխոչընդոտ ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը կարիք ունեցող բնակիչներին։ Մարդասիրական առաքումների մասին դրական զարգացումների փաստով ուրախացանք։ Խոսքն այս շաբաթվա սկզբին Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ուղարկված օգնության մասին է, բայց այդ հասանելիությունը պետք է շարունակել ապահովել։ Կողմերին կոչ ենք անում հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև հետևել Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին»,- նշել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Շվեյցարիայի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղությունը պետք է շարունակական երկխոսության միջոցով բանակցային սեղանի արդյունք լինի։

«Խաղաղությունը պետք է ապահովել, հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը։

Բոլորը, այդ թվում՝ տարածաշրջանի ազդեցիկ դերակատարները պարտավոր են ապահովել հարգանքը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի նկատմամբ և ապահովել խաղաղ լուծումները։ Շվեյցարիան պատրաստ է աջակցել այդ նպատակին և աջակցել կողմերին։ Խիստ կարևոր է, որ Ադրբեջանը և Հայաստանը վերսկսեն խաղաղության գործընթացը»,- եզրափակեց ՄԱԿ-ի ԱԽ-ում Շվեյցարիայի ներկայացուցիչը։

Տեսանյութեր

Լրահոս