Բռնության հետագա գործադրումը կթուլացնի փխրուն առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցություններում. ՄԹ ներկայացուցիչ
Միացյալ Թագավորությունը մտահոգված է այն լուրջ ճնշումներով, որոնք կրում է Լեռնային Ղարաբաղի բնակչությունը: Տեղում մարդասիրական կարիքն ահռելի է և շարունակում է մեծանալ:
Խնդրի մասին ՄԱԿ-ի Անվտնագության խորհրդում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ կազմակերպված նիստում բարձրաձայնեց Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային Ասիայի և ՄԱԿ հարցերով պետնախարար լորդ Թարիք Ահմադը:
«Մի քանի օր առաջ լավ լուր լսեցինք, որ թեկուզ փոքր մասշտաբի մարդասիրական ապրանքների առաքում է եղել Լաչինի և Աղդամի ճանապարհներով դեպի Լեռնային Ղարաբաղ: Առաջընթացի այս հնարավորությունը, սակայն, ցավոք, ընդհատվեց, երբ Ադրբեջանը հայտարարեց, որ ռազմական գործողություն է սկսում: Մեր գործընկերներից շատերի հետ մենք Ադրբեջանին կոչ ենք արել դադարեցնել ուժի գործադրումը և ձեռնպահ մնալ իրավիճակը սրող հետագա գործողություններից ու վերադառնալ երկխոսության»,- ասել է Թարիք Ահմադը:
Նրա համոզմամբ՝ անմիջական երկխոսությունն է միակ ճանապարհը՝ գտնելու իրական, մնայուն խաղաղություն, իրական, մնայուն լուծումներ, հետևաբար հիմա շատ կարևոր է վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ՝ ունենալով արժանահավատ ծրագիր, որը կապահովի տարածաշրջանի բոլոր բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը, նրանց կընձեռի խաղաղության պայմաններում ապրելու հնարավորություն:
Միացյալ Թագավորության արտգործնախարարի կարծիքով՝ ներկայումս հատկապես ՄԱԿ-ը և միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ԿԽՄԿ-ն նույնպես կարող են կարևոր աջակցություն ցուցաբերել մարդասիրական կարճաժամկետ և երկարաժամկետ կարիքները հոգալու համար:
«Բռնության հետագա գործադրումը միայն կթուլացնի այն նախնական փխրուն առաջընթացը կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեեջանի միջև, որի հիմքում պետք է ընկած լինեն երկու պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, և որը, անշուշտ ամբողջ Հարավային Կովկասի շահերից է բխում: Միացյալ Թագավորությունը ողջունում է երեկ հայտարարված հրադադարը, ուստի մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հարգել այդ հրադադարը, վերջ տալ բռնությանը և հրատապ բաց երկխոսություն ծավալել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապահով ապագայի համար: Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել այդ կարևոր գործընթացին հնարավոր բոլոր միջոցներով»,- եզրափակեց Թարիք Ահմադը: