
«ՄԱԿ ԱԽ նիստին զուգահեռ հայտարարել, որ Արցախի ժողովրդին Ադրբեջանի կողմից ուղիղ սպառնալիք չկա, նշանակում է զրոյացնել այն դիվանագիտական փոքրիկ պոտենցիալը, ինչը կարող էր աշխատել մեր օգտին». Ռոման Կարապետյան

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Ռոման Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՄԱԿ ԱԽ նիստին զուգահեռ ընդգծված ձևով հայտարարել, որ Արցախի ժողովրդին Ադրբեջանի կողմից չկա ուղիղ սպառնալիք, նշանակում է մեկ բանի մասին. զրոյացնել այն դիվանագիտական փոքրիկ պոտենցիալը, ինչը կարող էր ճնշման տեսքով աշխատել մեր օգտին: Իհարկե, որպես մի քիչ պրագմատիկ, այս իրավիճակում ես չեմ հավատում միջազգային գործիքակազմի արդյունավետությանը, բայց սրանով ևս մեկ անգամ սպասարկվում է հակառակորդի շահը: Իսկ վերոնշյալը պաշտոնական Բաքուն օգտագործելու է որպես ծանրակշիռ փաստարկ Արցախում ապրող հայերի նկատմամբ իր «բարի մտադրությունները» հիմնավորելու գործում»: