Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է․ ՀՀ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումների արդյունքներն ու իրականացրած վերլուծությունները վկայում են, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է:
Ըստ հանրամատչելի աղբյուրների և քաղաքացիներից ստացված տեղեկությունների՝ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ մեծ թվով քաղաքացիական բնակիչներ, ներառյալ՝ երեխաներ:
Ռազմական գործողություններով պայմանավորված՝ Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերից տարհանվել են մեծ թվով քաղաքացիական բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ: Բաց աղբյուրների ուսումնասիրությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ ուղղակիորեն թիրախավորվել են քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ: Բաց աղբյուրներում տարածված հրապարակումները և քաղաքացիներից ստացված ահազանգերը վկայում են, որ քաղաքացիական բնակչությունը ահաբեկված է, ունի ակնհայտ մտահոգություններ կյանքի և անվտանգության առնչությամբ:
Ադրբեջանը թիրախավորել է կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները, ինչի արդյունքում խափանված են էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումները։ Նկուղներում գտնվող անձինք մնացել են առանց համապատասխան սննդի, ջրի, էլեկտրականության և կենցաղի այլ տարրական պայմանների:
Մշտադիտարկված տեղեկությունների համաձայն՝ խափանվել է առողջապահական ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ բացակայում են բժշկական անհրաժեշտ սարքավորումները, դեղամիջոցները, նույնիսկ առաջին բուժօգնություն տրամադրելու համար անհրաժեշտ նյութերը:
Ստեղծված իրավիճակը հանգեցրել է նաև Լեռնային Ղարաբաղում շուրջ 30,000 երեխայի հիմնարար իրավունքների զանգվածային խախտումների, այդ թվում՝ կյանքի, անվտանգ միջավայրում ապրելու, կրթության, առողջության պահպանման, անհրաժեշտ կենսապայմանների և այլ հիմնարար իրավունքների։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նաև ադրբեջանական հրապարակային աղբյուրների ու սոցիալական մեդիայի՝ վերջին երկու օրերին տարածվող հրապարակումների մշտադիտարկումներ։ Դրանց արդյունքները ցույց են տալիս, որ բռնության, այդ թվում՝ ֆիզիկական հաշվեհարդարի կոչերը, սեռական բնույթի սպառնալիքները, ատելության խոսքը շարունակում են տարածվել տարբեր սոցիալական խմբերում ու հարթակներում։
Նման հրապարակումները հատկապես արվում են Լեռնային Ղարաբաղում բնակվող հարազատների գտնվելու վայրի մասին տեղեկություններ փնտրող՝ հայ օգտատերերի հրապարակումների կամ լուսանկարների տարածմամբ։ Դրանք վկայում են ոչ միայն ադրբեջանական հասարակությունում արմատացած հայատյացության շարունակականության մասին, այլև վերջին իրադարձություններով պայմանավորված՝ հայերի, հատկապես՝ թիրախում հայտնված կանանց ու երեխաների նկատմամբ ֆիզիկական ոտնձգությունների իրական սպառնալիքի վտանգ են պարունակում։ Այս առումով կարևոր է, որ գտնվելու վայրն անհայտ անձանց վերաբերյալ տեղեկությունները բաց աղբյուրներով չտարածվեն՝ հայտնվելով ադրբեջանական օգտատերերի թիրախում։
Սրան զուգահեռ, ագրեսիվ խոսքը, ուժի կիրառման հռետորաբանությունը շարունակվում են հանրային գործիչների, հատկապես՝ պատգամավորների հրապարակումներում։
Այսպիսով, Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները, պաշտոնական հայտարարությունները, ԶԼՄ-ների հրապարակումները, ինչպես նաև սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի գրառումները բացահայտ վկայում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական իշխանությունների նպատակի մասին։
Ասվածը ևս մեկ անգամ հավաստում է, որ Ադրբեջանն իրագործում է ցեղասպան քաղաքականություն: Ուստի մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների արձագանքը և գործուն քայլերը պետք է համարժեք լինեն: