
ԿԽՄԿ-ն ԼՂ է տեղափոխել Հայաստանում բուժում ստացած արցախցիների. հումանիտար բեռների տեղափոխման լուրը չի համապատասխանում իրականությանը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 9 մարդատար մեքենաներ սեպտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղ են տեղափոխել Հայաստանում բուժում ստացած արցախցիների։ Այս մասին հայտնել է ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` միաժամանակ հերքելով Տելեգրամի որոշ ալիքների տարածած լուրերն այն մասին, թե Լաչինի միջանցքը բացվել է մարդասիրական բեռների համար։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից բուժում ստանալու նպատակով Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բուժառուները և նրանց ուղեկցող ԿԽՄԿ աշխատակիցները Երևանից Ստեփանակերտ էին ուղևորվել սեպտեմբերի 19-ին, սակայն տեղի ունեցած իրադարձությունների պատճառով նրանք արգելափակվել էին Գորիսում և միայն իրավիճակի հանդարտվելուց հետո կարողացան շարունակել ճանապարհը մինչև Ստեփանակերտ։ Այսօր մեկնել են բացառապես մարդատար մեքենաներ, հումանիտար բեռների տեղափոխման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,-ասաց Ամատունին։
Լաչինի և Աղդամի ճանապարհներով հումանիտար բեռների միաժամանակյա տեղափոխման պայմանավորվածություն էր ձեռք բերվել օրեր առաջ, սակայն սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների պայմաններում մատակարարումը կրկին դադարեցվել էր։ ՀՀ կառավարությունը 361 տոննա հումանիտար օգնություն էր ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն բեռնատարների շարասյունը հուլիսի 26-ից կանգնած է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Արցախ։ Օգոստոսին էլ Ֆրանսիայի տարբեր քաղաքներից ուղարկված մարդասիրական օգնությունն է միացել հայկական բեռներին ու արվելափակվել Ադրբեջանի կողմից, որը 2022թ. դեկտեմբերից Լաչինի միջանցքը փակ պահելով հումանիտար աղետի է հասցրել Լեռնային Ղարաբաղը։