ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հատուկ նիստ

ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-ին հրավիրվել է ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հատուկ նիստ, որի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիան» խորագիրը կրող ելույթով:

Դեսպան Արմեն Պապիկյանն իր ելույթում նշել է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել են հերթական լայնածավալ ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ՝ խախտելով միջազգային իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները:

«Արմեն Պապիկյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Նա մասնավորապես նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը ծանր հրետանու, մարտական ավիացիայի և անօդաչու թռչող սարքերի միջոցով միտումնավոր հրետակոծության են ենթարկել մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ խաղաղ բնակավայրերը, ինչպես նաև թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով զոհեր և վիրավորներ կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում:

Դեսպանը շեշտել է, որ Ադրբեջանը հետապնդում է մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով Լեռնային Ղարաբաղում իրականացնել էթնիկ զտումներ, զրկել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ու արարելու իրավունքից: Արմեն Պապիկյանն ընդգծել է, որ 9 ամսից ավել շարունակվող Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և որպես պատերազմի մեթոդ՝ սովի օգտագործումը, Ադրբեջանի էթնիկ զտման համակարգված քաղաքականության անբաժանելի մասն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Արմեն Պապիկյանն ընդգծել է միջազգային հանրության անհապաղ ու նպատակաուղղված միջամտության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման ուղղությամբ միջազգային մեխանիզմների ներդրման հրամայականը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել այն միջազգային գործընկերներին, ովքեր աներկբա դատապարտել են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան՝ միևնույն ժամանակ հավելելով, որ հայտարարություններն այլևս բավարար չեն և անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ներառյալ թիրախային պատժամիջոցներ:

Նշվում է, որ Արմեն Պապիկյանը կոչ է արել ԵԱՀԿ գործող նախագահին և քարտուղարությանը մշտադիտարկել զարգացումները և հետևողականորեն կիրառել ԵԱՀԿ առկա գործիքակազմը:

Տեսանյութեր

Լրահոս