«Ոչ մի «վերջին էջ էլ թերթված» չէ, նույնիսկ եթե թշնամին Սարդարապատում կանգնած լինի». Կարեն Վրթանեսյան
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի 2 տարբեր հատվածներից լուրեր ունեմ, որ մերոնք դիրքերը թեպետ կորուստներով, թեպետ դժվարությամբ, բայց պահում են, խուճապ չկա։
Հատուկ չեմ գրում, թե որ հատվածներն են։ Չեմ կարող 100% երաշխավորել ինֆորմացիայի ճշմարտությունը (քանի որ իրավիճակը տեղում կարող է նաև կտրուկ փոխվել, մինչև գրում եմ)։
Բայց երեկվանից շրջանառվող լուրերը, թե ամեն ինչ կործանված է ու փլվել է, գոնե մասամբ այդքան էլ ճշմարիտ չեն։
Մի տրվեք էմոցիաների։ Լուրջ կասկածներ ունեմ, որ ինչ-որ կենտրոն շատ ուժեղ քարոզչա-հոգեբանական ճնշում է գործադրում հայ հանրության վրա, որպեսզի չթողնի սթափ մտածել, համախմբվել, ռացիոնալ պլանավորել, գործել։
Ոչ մի «վերջին էջ էլ թերթված» չէ, նույնիսկ եթե թշնամին Սարդարապատում կանգնած լինի։
1994 թվականին հայերը վերադարձան տարածքներ, որոնք կորցրել էին դրանից 500 տարի առաջ։
Ամենահեշտ թիրախը ապակողմնորոշված, շշմացրած, ցավից կուրացած ու խլացած մարդն է։ Մի դարձրեք ինքներդ ձեզ հեշտ թիրախ»։