«Շատ անորոշ, անհասկանալի վիճակում ենք. հիմա Ստեփանակերտում ենք, դեռ չգիտենք՝ ինչ ենք անելու». արցախցի

Ամեն ինչ անհասկանալի, ծանր ու բարդ է: Այս պահին ամեն ինչի խնդրի առաջ էլ կանգնած ենք: Հասարակ հեռախոս լիցքավորելու խնդիր ունենք՝ հարազատների հետ կապվելու համար: 168.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց արցախցի մեր հայրենակից Արթուր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ իր ընտանիքն այժմ դրսում, անորոշ վիճակում սպասման մեջ է: Գնալու որևէ տեղ չունենալով՝ այս պահին վերադարձել են Ստեփանակերտի Հեքիմյան թաղամասի իրենց բակ:

«Փառք Աստծո, վիրավոր չունենք ընտանիքում: Բայց այստեղ սննդի ու դեղորայքի շատ մեծ խնդիր կա: Հեռախոսն էլ հենց նոր եմ լիցքավորելու հնարավորություն ունեցել: Էս պահին ո՛չ ինտերնետի, ո՛չ զանգերի հնարավորություն չունենք, որ որևէ տեղեկություն կարողանանք ճշտել, հասկանալ անելիքներս»,- ասաց նա:

Մեր զրուցակցի խոսքով՝ կրակոցներն արդեն մոտավորապես 3 ժամ է, ինչ դադարեցված են: Իրենք էլ այս պահին թաքստոցներում չեն: Սակայն հետագա անելիքները դեռևս չեն որոշել:

«Օդանավակայան գնալու իմաստ չեմ տեսնում: Էնտեղ արդեն իսկ մեծաքանակ մարդ է հավաքված, որ մենք էլ գնանք՝ որևէ բան չի փոխվելու: Թե ինչքանով է հնարավոր էնտեղից տարհանումը՝ էլի հայտնի չէ: Շատ անորոշ, անհասկանալի վիճակում ենք: Պետք է նստենք, լավ ծանր ու թեթև անենք, հասկանանք, թե ինչ ենք անելու, որ ավելի ճիշտ լինի»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք էլ խոսակցությունների մակարդակով լսել են, որ արցախցիների տարհանման համար ադրբեջանական կողմը միջանցք բացելու մտադրություն չունի, սակայն տեղեկությունը, ըստ նրա, դեռևս հստակեցման կարիք ունի:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են ՀՀ-ում ընդունել արցախցիներին՝ մեր զրուցակիցն ասաց, որ ինքը ևս լսել է այդ մասին, սակայն, իր խոսքով, դա ևս իր համար առնվազն անտրամաբանական է:

«Գլխումս չի տեղավորվում, թե ինչպես կարող է այդպիսի բան լինել: Ընտանիքի անդամներից մեկը գա, ու մեծ ընտանիքը չընդունի… այդպիսի բանը խելքին մոտ չէ՝ ոչ մի առումով: Լսել ենք նման բաներ՝ ասեկոսեների մակարդակով, բայց դրանք դեռևս չճշտված տեղեկություններ են: Տուրք չենք տալիս այդպիսի խոսակցություններին»,- ասաց նա:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս