Ադրբեջանը ռազմական գերակայության է հասել Թուրքիայի և Իսրայելի օգնությամբ, մինչ ԵՄ-ն անտեսել է այդ ամենը. Նատալի Լուազոն՝ ԼՂ հարցով ԵԽ քննարկմանը
Մեր թուլությունն ու պասիվությունը մեզ դարձրել են այս ամենի հանցակից։ Այս մասին ասաց ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԼՂ-ի դեմ ադրբեջանական հարձակման թեմայով քննարկման ժամանակ։
Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն «լիակատար ձախողում» է անվանել հակամարտության կարգավորման ուղղությամբ միջնորդական ջանքերը։
«Մենք այդպես էլ երբեք ագրեսորին իր անունով չկոչեցինք․․․ Ադրբեջանը խաղաղություն չի ցանկանում։ Ցանկանում է հայ ժողովրդի լիակատար հպատակեցումը և ստորացումը», – ասաց Լուազոն՝ նշելով, որ Ադրբեջանը ռազմական գերակայության է հասել Թուրքիայի և Իսրայելի օգնությամբ, մինչ ԵՄ-ն անտեսել է այդ ամենը։
Իսկ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին Հայաստան տեղահանելու ջանքերը Լուազոն անվանեց ոչ այլ ինչ, եթե ոչ էթնիկ զտում։
«ԵՄ-ն անընդունակ է եղել կանխել հարձակումը, որի իրագործումը կանխատեսելի էր: Մեր թուլությունն ու պասիվությունը մեզ դարձրել են այս ամենի հանցակից․․․ Եվրոպական դիվանագիտությունը հետևողականորեն անտեսել է նախազգուշական նշանները», – նշեց նա՝ հավելելով, որ ԵՄ-ի պասիվությունն Ադրբեջանի համար «կանաչ լույս» է հանդիսացել։
Ըստ Լուազոյի՝ այս ամենով ԵՄ-ն ցույց է տալիս, որ իրենց վրա «հույս դնել չի կարելի»։