ԵՄ-ն չպետք է մեղսակից լինի ԼՂ-ում էթնիկ զտումների փորձին․ ԵԽ պատգամավորը՝ ադրբեջանական հարձակման մասին
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Իզաբել Սենտուշը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական լայնածավալ հարձակման մեջ մեղադրել է ԵՄ պաշտոնյաներին, որոնք համագործակցում են Ադրբեջանի հետ։ Այս մասին նաև հայտարարել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, որի ժամանակ քննարկվել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումը:
«Մենք չենք կարող մոռանալ, որ այս ամենը մեծապես հետևանք է մեր գործած լուրջ սխալների, երբ եվրահանձնակատարը և անձամբ Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենն այցելեցին Ադրբեջան՝ համաձայնագրեր ստորագրելու Ադրբեջանի հետ՝ ասելով, որ այդ երկիրը հուսալի գործընկեր է, և վստահելով նրանց», – նշեց Սենտուշը։
ԵԽ պորտուգալացի պատգամավորի խոսքով՝ չի կարելի անտեսել այն, ինչ տեղի է ունեցել տարիների ընթացքում, 2020 թ․-ին և հիմա՝ այս նոր իրավիճակով, «որը մենք ինքներս ենք ստեղծել»։ Սենտուշը Բաքվի լայնածավալ հարձակումը բնութագրեց որպես «վրեժխնդրություն»։
Իրավիճակի լուծման համար Իզաբել Սենտուշը մի քանի քայլ առաջարկեց, մասնավորապես՝ այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստիպված չլինի հեռանալ։
«Մենք չենք կարող մեղսակից լինել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների այս փորձին, մենք պետք է կանգնենք ժողովրդի կողքին։ Մենք կարող ենք մարդասիրական օգնություն հասցնել այնտեղ գտնվող մարդկանց Լաչինի միջանցքով, ինչն առայժմ չենք կարողացել անել։ Եվ մենք պետք է ուժեղացնենք տեղում մեր քաղաքացիական առաքելությունը», – նշեց նա՝ կասկածի տակ դնելով ՌԴ խաղաղապահների դերը։
Իզաբել Սենտուշը նաև հարց հղեց Եվրախորհրդարանին՝ «ի՞նչ իրական շոշափելի քայլեր են կատարվում՝ ի պատասխան այս իրադարձությունների»։
«Գրեթե 24 ժամ է անցել, գործելու ժամանակն է», – եզրափակեց նա։